Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ահա՛ նորից, իմ լըռա՛ծ քընար,
Քեզ ձե՛ռք եմ առնում, սեղմում իմ կըրծքին.
Թո՛ղ հնչե, ընկե՛ր, քո ամեն մի լար,
Ու քեզ հետ մեռնե՜ իմ սիրող հոգին...
1908


ՄՈԻՍԱ

Այս սև կյանքի մաշուկ օրերն երգելով,
Քո ձայնին եմ հնազանդում, ո՛վ մուսա.
Կյանքը սիրել սըրտի խորո՜ւնկ վերքերով —
Քո պատգամն էր՝ մանուկ օրից ես ուսա։

Դու ինձ արիր — «Երգի՛չ, կյանքը չէ՛ երազ.
Կյանքը խա՜չ է տառապանքի, փորձության.
Այնտեղ կըռիվն անհավասա՜ր հանապազ.
Այնտեղ չա՛րն է դափնին տանում հաղթության...

Դու ինձ ասիր — «Դուրս եկ կյանքի ասպարեզ,
Վերք ու ցավից դու երգ հյուսիր սըրտալի.
Թո՛ղ քո երգում, արշալույսի զանգի պես,
Արև-կյանքի հընչե՛ ավետն ըղձալի...

Դու ինձ ասիր — «Վըշտի ծո՜վ է քո երկիր,
Եղբայր ունիս անմխիթա՜ր, անտերունչ,
Նա դարերով բախտահալա՜ծ, տարագի՜ր,
Արյան խա՜չ է կըրծքին կըրում անմռունչ...

«Թո՛ղ հույս հընչե, վիշտ մըրմընջե քո քընար.
Թո՛ղ նա խոսի քո հեգ ազգի սըրտի հետ.
Քանի քո շուրջ դեռ տիրում է ժանտ խավար,
Դու ա՛յլ կոչում չունիս կյանքում, հա՛յ պոետ...

Այս սև կյանքի մաշուկ օրերն երգելով.
Քո ձայնին եմ հնազանդում ո՛վ մուսա.
Կյանքը սիրել սըրտի խորո՜ւնկ վերքերով—
Քո պատգամն էր՝ մանուկ օրից ես ուսա...