Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դու լսո՞ւմ ես՝ այնտեղ՝ դրսում
Շաչ ու շառա՜չ, լաց ու կո՜ծ,—
Մեր արյունն է այնտեղ հոսում՝
Ներկած և՛ տուն, և՛ փողոց...

Այնտեղ գնդեր խառն ու ցրիվ,
Բանվոր գնդեր ահարկու,
Քաջ մղում են մի մեծ կռիվ —
Աշխատանքի և ոսկու...

Այնտեղ ոսկին՝ տեր֊տիրական
Որպես դահիճ դըժնադեմ,
Սուր է պարզում մեր օրական
Թույնով շաղախ հացի դեմ...

Այնտեղ հայրեր, այնտեղ որդիք
Մի նոր կյանքի եզերքում.
Որպես մի-մի հերոս-մարտիկ
Մահն են գրկում ու երգում...

Այնտեղ է և մեր աչքի լույս,
Մեր օջախի վառ ճրագ՝
Հայրդ կռվում, սիրտն ալեհույզ,
Սրտում և՛ թույն և՛ կրակ։

Մի՛ լար, որդի՛ս, որ չես լսում
էլ մայրական քաղցր օրոր.
Ես մեծ կռվի երգ եմ հյուսում
Օրոցքիդ մոտ ամեն օր...
(1910)