Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Լըճեր փայլո՜ւն, հարթ-հավասա՜ր,
Անծա՜յր, ճո՜խ վայրեր.
Ջըրածոցեր ջինջ ու պայծա՜ռ.
Ոսկի՜ ճոխ արտեր։
Վերև—աստղե՜ր, ներքև—դաշտե՜ր,
Եղեգնի՜ պուրակ…
Եվ բըխում են սըրտից երգեր
Ազա՜տ, համարձա՜կ…
|
|
ՄՈՒՐԱՑԿԱՆ
Իրիկվան պահուն թե վաղ առավոտ
Որբեր ու այրիք՝ պարկերը մեջքին,
Գալիս, կանգնում են լուսամուտիս մոտ
Եվ ողորմություն հայցում լալագին։
Անճարությո՞ւնն է արդյոք խեղճերին,
Թե՞ հոժար կամքը դարձրել մուրացիկ.
Ո՜հ, ձեր վիճակը դա՜ռն է, ծանրագին,
Ո՛վ անօթևան, կիսամերկ մարդիկ։
Կըճարվեն կյանքում ձեզ միշտ մեղքացող,
Ձըմեռվա ցըրտին չեք մեռնիլ անտուն.
Բայց լա՛վ է տեսնել կեղտում մուրացող
Աստծո ստեղծած բանական մարդուն։
Սակայն առավել և՛ խեղճ, և՛ թշվառ
Կա այլ մուրացկան։ Նա հաց չի մուրում
Դըռնե–դուռ ընկած, բայց հացի համար
Մաշում է կյանքը ծանր հոգսերում։
Աղտոտ հյուղի մեջ, չոր հարդն անկողին՝
Քընում է հերոսն անել տանջանքում՝
Ամո՜ւր է քարից խոնջության ժամին.
Ամո՜ւր է պղնձից՝ հոգսի կապանքում։
|
|