Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Բայց այն օրերը, այն նվիրական
Հիշատակները մանկական կյանքիս,
Երբ մորս գրկում առատ, անսահման
Սեր էր վայելում անարատ հոգիս,
Այն օրերն, օ՜ մայր, որպես սրբություն,
Անջինջ կըպահվին սրտիս խորանում,
Անջինջ կըպահվի և՛ քո սուրբ անուն
Իմ վառ շրթունքին, իմ ջերմ երգերում.
Եվ ինձ կյանք տվող քո սերը, մա՛յր իմ,
Սրտիս հետ միայն կըմտնի շիրիմ…
1891


ՀԱՅ ԵՐԳՉԻՆ[1]

Դա՜ռն է մեր կյանքը, տխո՜ւր մեր օրեր,
Չկա՛ մեզ հանգիստ, չկա՛ խնդություն.
Միայն տառապանք և անվերջ վշտեր
Մեր հեգ սրտերից քամում են արյուն…
Նայում ենք վերև — ամպամած երկինք,
Նայում ենք ներքև — շիրիմ ոտքի տակ,
Նայում ենք մեր շուրջ — ահեղ փոթորիկ,
Իսկ մեր ձեռքերին — շղթա ու կապանք…
Եվ որպես խավար, մռայլված գիշեր,
Անզոր ողբում են մեր սիրտն ու հոգին.
Եվ քանի՜ ըղձեր, քանի՜ խորհուրդներ
Ճնշված նիրհում են մեր կրծքի տակին…

Դա՜ռն է մեր կյանքը, տխո՜ւր մեր օրեր,
Մեզ կաշկանդել է ստրկության շղթան.
Օ՜, երգի՜չ, երգի՛ր մեզ հըզոր երգեր,
Բոցավա՜ռ երգեր ոգևորության։
Երգի՛ր մեզ անահ, կորովի ձայնով
Փառք և հաղթանակ փայլուն գործերի,

  1. Կարդացված է բանաստեղծ Ս. Շահազիզյանի 30–ամյա հոբելյանի հանդեսին 1892 թ. ապրիլի 9-ին Մոսկվայում։