Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Թռչուններ օդում, ծաղիկներ դաշտում —
Բոլո՜րն էլ ինձ սեր, սե՛ր են ավետում։

Եվ նախկին հեգնված սիրույս վերքերից
Տառապող հոգիս՝ ամոքված նորից,
Որպես վանդակից ազատված թռչուն,
Օրհնում է նա կյանք, երկինք, բնություն։

Օրհնում է և՛ քեզ, իմ անգի՛ն ընկեր,
Դու քնքուշ ծաղիկ նոր սիրուս գարնան,
Ա՜խ, եթե քո այդ հրաշալի պատկեր
Շողա՜ր ինձ կյանքում մինչև գերեզման…


1897 թ.

Դարձյա՛լ Նոր-Տարի… Օ՜, թո՛ղ նորանոր
Վառվռո՜ւն հույսեր, գարնան երազներ
Մեր կյանքը, հայեր, հուզեն և՛ այսօր,
Նորի՛ց բորբոքեն մեր լքյալ սրտեր։

Ի՛նչ անենք, թե ցուրտ, մահաշունչ ձըմեռ
Պատել է այսօր հայրենի աշխարհ.
Թոշնե՜լ են վարդեր, մարե՜լ են աստղեր,
Մեր կյանքը չունի՜ պարզ երկնակամար։

Ի՜նչ անենք, թե մեզ փափագա՜ծ կյանքի
Դեռ չէ շողշողում սիրուն առավոտ.
Անարդար մատնված վշտի, տանջանքի.
Ապրում ենք անլույս, անջուր ու անօդ…

Տանջանքը, հայե՛ր, ծընում է և՛ հույս,
Հուսով ներշնչված ընկնո՜ւմ են զոհեր.
Թող տանջվինք… մո՜տ է և՛ մեր արշալույս,
Միայն թե հառա՛ջ, հառա՛ջ անվեհեր…