Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնք ամփոփված են «Գյուրջիստանի վիլայեթի ընդարձակ դավթարում»[1], Ջավախքի հարկատու գյուղերի բնակչության ցուցակներում հանդիպում ենք բազմաթիվ հայկական անունների՝ Դավիթ, Կիրակոս, Կարապետ, Սարգիս, Մկրտիչ, Մանուկ, Ղազար, Տեր-Հակոբ և այլն: Կան գյուղեր, որտեղ հարկատու ընտանիքների ղեկավարների անունները միայն հայկական են։ Նշանակում է այդ գյուղերը զուտ հայկական են։ Այդպիսի գյուղերից են Փոքր Մամզարան, Կորխը, Կարծախը և այլն։ Կարծախ գյուղի հարկատու հայ ծխերի թիվը 33 է (ի դեպ, հարկատուները ձգտում էին, հարկ քիչ տալու համար, ամբողջ գերդաստանով՝ 40-50 և ավելի մարդկանցով, ներկայանալ որպես մեկ ծուխ՝ ընտանիք)։ Ահա Կարծախի հարկատուների անուններից մի քանիսը՝ Վարդան, Սարգիս, Սուքիաս, Կիրակոս, Հովսեփ, Բայանդուր…

Կան նաև զուտ վրացական բնակչությամբ գյուղեր։

Առկա են նաև այնպիսի գյուղեր, որտեղ բնակչությունը խառն է, որտեղ կա՛մ հայերն են մեծամասնություն կազմում, կա՛մ վրացիները։

Կան նաև անուններ, որոնց կրողները, պարզ չէ, հայեր են, թե վրացիներ։ Օրինակ, Թորիա գյուղում իրար կողքի գրված են՝ Մկրտիչ (պարզ է հայ լինելը) և Ջանիբեկ Սարգիսիձե (կասկածելի է՝ հա՞յ է, թե՞ վրացի)։ Կամ, ըստ իս, տարօրինակ է, երբ Էշտիա գյուղի 12 հարկատուների ցուցակն սկսվում է Տեր-Հակոբով, իսկ հաջորդ անունները վրացական են կամ վրացականացված…

Ցանկալի է և ճիշտ կլինի միանգամայն, որ «դավթարի» թուրքերեն բնագիրը ուսումնասիրվի նաև հայ թուրքագետ-մասնագետների կողմից։

XVIII դարում նույնպես Ջավախքում եղել է հայ հոծ բնակչություն։ Այդ մասին վկայում է XVIII դարի առաջին կեսի (1734—1737թթ) կաթողիկոս Աբրահամ Կրետացու «Պատմությունը», ըստ որի, Նադիր-խանի (հետագա Նադիր-շահը) արշավանքներից մեկի ժամանակ Հյուսիսային Հայաստանի շրջաններից գերված և Խորասան քշված 6000 բնակիչերը բոլորը հայեր էին. «…Եւ գերեցին զՆարիմանու նահանգն,

  1. Տե՛ս «Пространный реестер Гюрджистанского вилайета» С. С. Джикия, кн. 11, Тб., 1941 г.