Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դառնալու էր նահանգ՝ զեմստվո մտցնելով այնտեղ, Անդրկովկասի մյուս վայրերի հետ միաժամանակ[1]:

Իհարկե, այս որոշումը մնաց թղթի վրա և որևէ ռեալ նշանակություն չունեցավ։ Եկրամասում վարչատարածքային փոփոխություններ տեղի չունեցան։

Հ. Հ. Դաշնակցությունը Ալեքսանդրապոլում 1918-ի փետրվարի 16—18-ին անցկացնելով Շիրակի նահանգի անդրանիկ համագումարը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Կովկասյան կոմիսարիատը չկատարեց խոստումը Անդրկովկասի նահանգների սահմանների փոփոխման վերաբերյալ, որոշեց Ալեքսանդրապոլի գավառը հայտարարել Շիրակի նահանգ՝ համաձայն սահմանների փոփոխման նախագծի, և այդ որոշումը հայտնել բոլոր շրջաններին ի գիտություն[2]

Այս որոշման նպատակը նույնպես պարզ է. հաջորդ քայլը պետք է լիներ Ախալքալաքի գավառի միացումը Շիրակի (Ալեքսանդրապոլի) նահանգին։ Ինչպես վերևում ասվեց, արդեն հունվարի 21-ին Ախալքալաքի գավառական գործադիր կոմիտեն որոշել էր միանալ Ալեքսանդրապոլին։

Սակայն, այս միմյանց ընդառաջ գնացող քայլերն անցան ապարդյուն, և այնքան բաղձալի միացումը, ինչպես ասվեց. տեղի չունեցավ…

Վրաց մենշևիկները, որոնք սկզբից տվել էին իրենց համաձայնությունը հօգուտ այդ միացման, հետագայում հասկանալի նկատառումներով կանխեցին հայերիս համար կենսական մեծ նշանակություն ունեցող այդ ակտը։

Անկասկած այդ նկատառումներով էր, որ վրաց մենշևիկները և ընդհանրապես Անդրկովկասյան կառավարությունը ոչ մի օգնություն ցույց չտվին Ախալքալաքի ինքնապաշտպանությանը և, ավելին, հայ գաղթականներին երկրի խորքերը չթողնելով՝ թույլ տվին, որ Բաքուրիանի անտառներում և Ծալկայում սովից ու համաճարակից բնաջնջվեն… 1918-ի դեկտեմբերի 4-ին վրացական զորքերը մտան Ախալքալաք և դեկտեմբերի 5-ին գավառը հայտարարեցին Վրաստանի հանրապետության տարածք…

  1. Տե՛ս «Մշակ», 1918 թ., № 16:
  2. Տե՛ս «Շարժում», 1918 թ. № 17։