Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հունվարի վերջերին Թիֆլիսի ազգային խորհրդի ներկայացուցիչ Մեհ-Յիկը (այսպես է ստորագրում «Մշակի» 1918-ի մարտի 9-ի համարի «Տպավորություններ Ջավախքից» հոդվածի հեղինակը)[1] Ախալքալաքի քաղաքագլուխ Մկրտիչ Մարգարյանի հետ Ախալցխայով Ախալքալաք գնալիս ականատես է լինում, թե ինչպես են Ածղուրում թուրքացած վրացիները, թվով 100 մարդ խճուղու վրա զինավարժություններ կատարում ռուսական գերությունից փախած թուրք սպայի գլխավորությամբ, որոնց թիվը Ջավախքում և Մեսխեթում շատ-շատ էր։ Ասպինձայի «արգելքը» ևս բարեհաջող հաղթահարելուց հետո, հոդվածի հեղինակը վերջապես հասնում է Ախալքալաք։ Նա ափսոսանքով է գրում, որ քաղաքից հեռացած ռուսական զորքն իր հետ տարել է ամեն ինչ…

Ախալքալաքում նոր կազմավորվող Հայկական զորամասը փաստորեն ամեն ինչ զրոյից էր սկսում…

Փետրվարի 4-ին միտինգի հավաքված ախալքալաքցիների մեծ բազմության առաջ ներկա դրության և անելիքների մասին ելույթ է ունենում Մեհ-Յիկը…

Վերջինս դժգոհում է, որ գավառում շատ հայեր կան, որոնք ոչ միայն չեն ուզում զինվել ու նախապատրաստվել, այլև իրենց ունեցած զենքը վաճառում են իրենց (հայերին) շրջապատած թուրքերին։ Գտնում է, որ թուրքերը գրեթե ուժի օգնությամբ են զինվում, խմբվում, այն էլ վերևից (Պոլսից) եկած հրամանի, եկած բեկերի շնորհիվ…[2]

Դրանք Օմար, Հասան բեգերն էին։ Դրանցից էր նաև բնիկ Ախալքալաքի Խոսպիա գյուղից՝ Յասիմ-բեգը, որը գավառում հետևողականորեն տարածում էր մուսավաթ կուսակցության ազգայնամոլական և կրոնամոլական գաղափարները՝ մուսուլմանների շրջանում[3]։

Ինչպես տեսնում ենք Օսմանյան Թուրքիան Անդրկովկասի թուրքերին հանել էր քրիստոնյաների դեմ՝ իրենց գործակալների միջոցով և սպառնում էր Անդրկովկասում Հայկական մեծ եղեռնը։

  1. Չգիտեմ որքանով է իմ ենթադրությունը ճիշտ, կարծում եմ «Մեհ-Յիկ»-ը Մալխասյան Հովհաննեսի կեղծանունն է:
  2. Տե՛ս «Մշակ», 1918թ., մարտի 9-ին:
  3. Տե՛ս ՀՀ ՊԿՊԱ, ֆ 222, ց. 1, գ. 24 I բ, թ. 266։