Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայությանը այլևս ոչինչ չէր մնում անել, քան զինվել ու նախապատրաստվել ինքն իրեն պաշտպանելու համար։ Այնպես որ Ախալքալաքի քաղաքագլուխ Մ. Մարգարյանի և նրա գլխավորած Պաշտպանության ժամանակավոր կոմիտեի անհանգստությունն ու շտապելը տեղին էր։

Վերևում արդեն ասվեց այն մասին, որ Ջավախքում ստեղծվում էր կամավորական գունդ, որի մեջ մտնելու ցանկություն հայտնողների թիվը հասնում էր 5 հազարի։ Բայց առանց զենքի այդ գունդը կամ թեկուզ գնդերը իրենցից ոչինչ չէին ներկայացնի, չնայած գնդի կորիզը կազմում էին ռուսական բանակի հայ զինվորները, որոնք հեղափոխությունից հետո վերադարձել էին տարբեր ռազմաճակատներից և հմուտ ու կռվի մեծ փորձ ունեցող մարտիկներ էին։ Նրանց մի մասն իրենց հետ զենք էին բերել, բայց փամփուշտների քանակը սահմանափակ էր…

Հայոց ազգային խորհուրդը (Թիֆլիսի) ոչինչ անել չկարողացավ Ախալքալաքի կայազորի մեծաքանակ զենքն ու զինամթերքը տեղում թողնելու համար։ Ի պատիվ Վրաց ազգային խորհրդին, պիտի ասել, որ մեծ հաջողությամբ կարողացավ այդ բանն անել Ախալցխայում՝ այնտեղ վրացական և հայկական կազմավորվող գումարտակները զինելու համար։

Ստեղծվեց 2000 զինվորներից բաղկացած գունդ։ Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը գնդի համար քիչ բան արեց (գուցե ավելին անել չէր կարող)։ Գնդի համար Ազգային խորհրդի կողմից ուղարկված միակ բարձրաստիճան սպան փոխգնդապետ Առաքելյանն էր, որը կատարելու էր ինչպես գնդի հրամանատարի պարտականությունները, այնպես էլ ամբողջ գավառի զինված ուժերի հրամանատարի պարտականությունները։

Մյուս սպաները, որ ուղարկել էր Ազգային խորհուրդը, 10—15 կրտսեր սպաներ էին, որոնց մի մասն ուներ տեղական ծագում (ինչպես վաշտի հրամանատար պորուչիկ Գևորգ Գուլանյանը), մյուս մասը դրսից էր և մի մասն էլ ռուսներ (II վաշտի հրամանատար Մինաև, կապիտան Ռեզնիկով)։

Հայոց ազգային խորհրդի ջանքերով ուղարկված զենքը ընդամենը 550 հրացան էր, 66000 փամփուշտ և 4 (չորս)