Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դամալացիների վաշտը վերադարձավ հայրենի Դամալա գյուղը, որտեղ նրա համար պատրաստված էր նաև զորանոց…[1]

Ինչպես գյուղում, այնպես էլ վաշտում, այդ շրջապատման դժվարին ժամանակներում, տիրում էր խիստ բարձր կարգապահություն։

Դեռևս հունվարի 31-ին էր, երբ վաշտի չորրորդ հիսնյակի (դասակի) հրամանատար Ավետիս Ֆարմանյանն այցելում է գյուղի արևմտյան դիրքերը և երբ ստուգման նպատակով ձևանում է թշնամի, պահակակետի արթուն պահակը, որը նրա եղբայրն էր, նախազգուշացումից հետո կրակ է բացում և թռցնում նրա գլխարկը… Հրաշքով փրկված համարձակ հրամանատարը ստիպված հայտնում է նշանաբանը…[2]

Ամբողջ գյուղին համակել էր միասնության, համախմբվածության, բարձր կարգապահության ոգին։ Իրենցից բազմապատիկ անգամ շատ թշնամիների դեմ դամալացի քաջերը կանգնած էին, իսկապես, ինչպես զեյթունցիները և գյուղը պահում էին անառիկ։

Գյուղի զինված ուժերի շտաբը, ինչպես գրում է դամալացի Հակոբ Հակոբյանն իր հուշերում, հեռախոսով կապված էր Ախալքալաքի հայկական գնդի շտաբի, քաղաքի ղեկավարության և Ախալքալաքի գավառի գյուղերի հետ։ Հեռախոսի միջոցով նեղն ընկած դեպքում օգնության էին կանչում ախալքալաքցիներին։

Գյուղի վաշտը տեղավորված էր գյուղի ծայրամասերում և դիրքավորված՝ աչալրջորեն հսկում էր ու պաշտպանում գյուղը։ Պահակակետեր էին ստեղծված յուրաքանչյուր հարևան թուրքական գյուղերի դիմաց։

Իրենցից մի քանի անգամ ավել թշնամիների հետ տեղի ունեցած բազմաթիվ ընդհարումներից առանձնապես հիշարժան են հետևյալ դեպքերը։

Ապրիլի 4-ին կեսօրից հետո՝ ժամը 17-ին Դամալայի և թուրքական Օթա գյուղի պահակակետերի, որոնք գտնվում էին երկու գյուղերի սահմանագլխին, պահակախմբերն անտառում հանդիպելով միմյանց, սկսել էին փոխհրաձգությունը։ Շուտով

  1. Տե՛ս «Շարժում», 1918թ. № 13:
  2. Տե՛ս «Շարժում», 1918 թ. № 10: