Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մնոյանը (Բաղղասարյան), իսկ օգնականը՝ Բագրատ Միքայելյանը։

Հեծելազորի հրամանատարն էր Միքայելյան Սեթը, որն աչքի էր ընկնում նաև որպես լավ նշանառու։

Գյուղի կամավորական գումարտակը բաժանված էր վաշտերի, որոնց հրամանատարներն էին՝ Մնոյան Խորենը, Նիկոյան Միսակը, Մեհերյան Գարեգինը, Հողմրցյան Մեծոն, Հակոբջանյան Աթան, Գալոյան Արմենը։

Զենք էին վերցրել գյուղի հարյուրավոր բնակիչներ՝ 15 տարեկանից բարձր համարյա բոլոր տղամարդիկ, և նույնիսկ կանայք։

Զենքը բերվել էր Ալեքսանդրապոլից և Թիֆլիսից ու վաճառվել գյուղացիներին (զենք գնելու համար գյուղացիները վաճառում էին կովերը և այլն)։ Կարծախցիները զինված էին նաև իրենց տանը եղած զենքով։ Շատ երիտասարդներ ռազմաճակատներից վերադառնալիս՝ իրենց հետ բերել էին զենքի տարբեր տեսակներ և զինամթերք։

Գյուղում ստեղծված էր նաև հիվանդանոց, որը մեծ հաջողությամբ զբաղված էր վիրավորների բուժման հարցով։

Դադեշ գյուղում նույնպես ստեղծվեց զինված ջոկատ, որի հրամանատարն էր Վարդգես Կարապետի Գաբրիելյանը։

Վերոհիշյալ հայկական գյուղերի վրա հարձակվող, Կարծախի գյուղական հասարակության թուրքական բազմաթիվ գյուղերի բնակչությանը միացել էին նաև Չըլդըրի գավառակի թուրքերը։ Կարծախի մոտ տեղի էին ունենում թեժ մարտեր։ Հայերը բազմամբոխ ելուզակների դեմ կռվում էին քաջին վայել հերոսությամբ և մեկ անգամ չէ, որ նրանց ծանր պարտության մատնեցին։

Ինչպես գրում է Ախալքալաքի գավառի կոմիսար Աբգար Պայազատը Թիֆլիսի նահանգային կոմիսարին հղած իր զեկուցագրում, Չըլդըրի գավառամասի թուրք-մուսուլմանները հարձակվել էին Կարծախ գյուղի վրա, որի բնակիչները պաշտպանվելով՝ մղում էին կատարյալ պատերազմ, որի ընթացքում վիրավորվել են 6 կարծախցիներ… Իսկ թաթարների (թուրքերի) կորուստների քանակը հայտնի չէ[1]։

  1. АИМ, д. 3428, с. 130—131.