Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գյուղի երեք ծայրերում, որտեղից առավել մեծ վտանգ էր սպասվում, ստեղծված էին պահակակետեր։ Այդ պահակակետերը գտնվում էին Գոգաշենի, Քիլդայի և Մարգաստանի կողմերում…

Գումբուրդոյի մերձակայքում գտնվող վրացական գյուղերի բնակիչները (Քիլդա, Չունչխա, Գոգաշեն, Ապնիա, Պտենա) նույնպես զինված էին, բայց փոքր էին և բոլորը միասին Գումբուրդոյի բնակչության չափ բնակիչներ հազիվ ունենային… Նրանք կռվում էին գումբուրդոցիների հետ միասին ու հաճախ պաշտպանություն գտնում նրանց կողմից։

Ահա նման մի դեպք, երբ գումբուրդոցիները օգնության են հասնում գոգաշենցիներին։ Մարտի սկզբներին տեղի ունեցած այդ դեպքը նկարագրված է «Հորիզոն» թերթում։

Վրացական Գոգաշեն գյուղի մարդիկ Թիֆլիսից զենք (35 հրացան և 5250 փամփուշտ) են տանելիս լինում։ Երբ նրանք անցնում են Կարծախի գյուղական հասարակության թուրքաբնակ Դանգալ (Տանկալ) գյուղով՝ թուրքերը հարձակվում և վրացիների ձեռքից խլում են զենքերը։ Գումբուրդոցիները լսելով կրակոցների ձայնը, հասնում են դեպքի վայրը և ստիպում թուրքերին՝ խլած զենքը վերադարձնել տերերին՝ գոգաշենցի վրացիներին[1]։

ԴԻԼԻՍԿԱՅԻ ԵՎ ՎԱՉԻԱՆԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼԸ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ

Մարտի սկզբներին Դիլիսկայի գյուղական հասարակության կենտրոն Դիլիսկա մեծ գյուղում ևս ստեղծվեց զինվորականություն՝ Նահատակյան Երվանդի, Կարոյան Միքայելի և Նահատակյան Հովհաննեսի գլխավորությամբ[2]։

Դիլիսկային, ինչպես նաև վրացական Պտենա և Չունչխա գյուղերին սպառնում էին թուրքական՝ Ալջուա, Քվերշա, Խերթվիս, Նաքալաքև, Մարգաստան, Վերդախան գյուղերի մուսուլմանները (թուրքերը և քրդերը)։

Գումբուրդոցիների, ինչպես նաև հարևան վրացական գյուղերի

  1. Տե՛ս «Հորիզոն», 1918թ., № 66:
  2. Տե՛ս ժամանակակիցների վկայությունները (Գոքորյան Արամ Հարությունի ծնվ. 1904-ին), Խդրյան Զոհրաբ Ստեփանի (ծնվ. 1900-ին)։