Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առավոտյան գրավված թուրք աղաների այդ հարուստ գյուղը ենթարկվեց թալանի, որին ակտիվորեն մասնակցեցին նաև բակուրիանից ժամանակին տեղ հասած օսերը։

Մարտի ժամանակ երկուստեք բավականին զոհեր և վիրավորներ եղան։ Հայերից և վրացիներից սպանվեցին ու վիրավորվեցին 10 մարդ (սպանվածների թվում էին ալաստանցիներ՝ Երոյան Պետրոսը և Ավագյան (Ուստանեսենց) Աղաբաբը, վարևանցի՝ Քուրդ-Ակոն)։ Մեծ կորուստներ ունեցան նաև թուրքերը (թվաքանակն անհայտ է), որոնց թվում էր կոկիացի կալվածատեր՝ Մահմադ-բեգը (նրան սպանել էր Ալաստանի զինված ուժերի հրամանատար Պետրոս (Պետուշ) Դարբինյանը)։

Ապրիլին Մեհմեդ-բեգի, ինչպես նաև բեկերի հողերը հայկական հարևան գյուղերի բնակիչները բաժանեցին իրենց միջև…

Կոկիացի գերիներին (կանանց, երեխաներին ու ծերունիներին) տարան հարևան հայկական Ալաստան մեծ գյուղը և բաժանեցին ծխերի վրա, այնուհետև տեղավորեցին դպրոցի շենքում։ Հայերը նրանց նկատմամբ ցուցաբերում էին խիստ մարդասիրական վերաբերմունք։ Վարևանի, Թոկի և Կոկիայի թուրքերին ապրիլի 9-ին վրացական Սարո գյուղի մոտ փոխանակեցին Արդահանից տեղահանված 1500 ողջ մնացած հայերի հետ։ Հակառակ հայերի մարդասիրությանը, թուրքերն անմարդկային արարքներ էին գործել հայ գերիների նկատմամբ։

Սարոցիները, ինչպես և այլ գյուղերի բնակիչներ ջերմ ընդունեցին տանջված փախստականներին, որոնց մի օր պահելուց հետո, տեղափոխեցին Ախալքալաք[1]։

Կոկիայի իրադարձությունները կրկնվեցին գավառի նաև մյուս թուրքական գյուղերի հետ։ Փոքր Խոսպիա, Ղուլալիս, Ալջուա գյուղերի թուրք բնակչության մի մասը գերի վերցվեց, իսկ մյուս մասը դիմեց փախուստի… Այս գյուղերը ևս ենթարկվեցին թալանի, բայց ոչ այնպիսի չափերով, ինչպես Կոկիան[2]։

  1. Տե՛ս «Մշակ», 1918թ., № 84։ Նաև «Հորիզոն», 1918թ., № 81:
  2. Տե՛ս АИМ, գործ 3428, թ. 131։