Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քուռ գետի ձախ ափին, Ախալցխայի գավառի արևելքում, Թամարա Թագուհու ժամանակների Վարձիա պատմական ժայռաքաղաքի մոտ գտնվող վրացական Զեդաթմոգվի և Ագարա գյուղերը զատկի օրերին շրջապատված էին բազմաքանակ թուրքերով, որոնց մեջ էին նաև Ախալքալաքի Կոկիա գյուղից փախած թուրքերը[1]:

Մահմեդականների ճնշմանը երկար դիմադրել հնարավոր չէր, հատկապես, որ Ագարայի բնակչության կեսը թուրքեր էին։ Վրացիները ստիպված կռվելով շարժվում են դեպի Քուռ գետի վրայի կամուրջը՝ գետի աջ ափը՝ Ախալքալաքի գավառ, անցնելու ձգտումով։ Սակայն այստեղ նրանց առաջը փակում են գետի աջ ափի Խերթվիսի գյուղական հասարակության մահմեդական Մարգաստան և Նաքալաքև (քրդեր) գյուղերի զինված հրոսակները և թույլ չեն տալիս նրանց անցնելու գետը։

Զեդաթմոգվեցիները և ագարացիները գետի ափին, կամրջի մոտ դիրքավորված՝ շարունակում էին դիմադրել, գետի մյուս ափից օգնության սպասելով (նրանք կարողացել էին սուրհանդակ ուղարկել Գումբուրդո):

Գումբուրդոն գտնվում է սարահարթի եզրին, ուղիղ ձորի պռնկին, իսկ Նաքալաքևը՝ ձորի մեջ, ներքևում… Գումբուրդոցիները անսալով վրաց եղբայրների օգնության կանչին, ուղղակի հեղեղի նման լցվեցին ձորը՝ Նաքալաքևի վրա։ Վերջիններիս մնում էր մի բան՝ անցնել գետի ձախ ափը… Նրանց հետևեցին նաև մարգաստանցիները… Հաղթանակը լիակատար էր և վրաց եղբայրների առաջ բաց էր ճանապարհը դեպի Ախալքալաքի գավառ։ Փրկվածներին տեղավորեցին վրացական՝ Գոգաշեն, Քիլդա, Ապնիա, Չունչխա գյուղերում, ինչպես և Գումբուրդոյում, որտեղ նրանք ապրեցին մինչև մայիսի 18-ի (հ. տ.) մեծ գաղթը[2]

  1. Տե՛ս «Մշակ», 1918թ., № 85։ Նաև վկայում են՝ Թմոգվի (նախկին Մարգաստան (գյուղի բնակիչ) ծագումով Ագարա գյուղից)1 Էրեկլե Նիկոլայի Զազաձեն (ծնվ. 1911-ին), Նաքալաքև գյուղի բնակիչ (ծագումով՝ Զեդաթմոգվի գյուղից)՝ Միրիան Մոսեի Բերիձեն (ծնվ. 1916-ին)։
  2. Այս դեպքերը մանրամասնորեն, առանձին-առանձին, անկախ մեկը մյուսից, պատմել են ինչպես վերոհիշյալ պարոնայք՝ Է. Զազաձեն ու Մ. Բերիձեն, այնպես էլ, գումբուրդոցիներ՝ պարոնայք՝ Չոլախյան Մկրտիչը և Այվազյան Մելիքսեթը: Գումբուրդոյի գյուղական խորհրդի նախագահ պ. Կիմիկ Գալստյանը պատմում է, որ Նաքալաքևի բնակիչ Յորդան Մայսուրաձեն (հանգուցյալ) իրեն միշտ ասելիս է եղել, որ գումբուրդոցիները իրենց գյուղի (Զեդաթմոգվի) բնակչությանը փրկել են 1918-ի կոտորածից…