Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սրվելը Անդրկովկասում ստեղծվել էր քաոս, որի հետևանքով հայկական զորքերը փաստորեն չունեին իրենց ապահով ու ամուր թիկունքը, որը նոր զորակոչիկներով ժամանակին համալրեր նրանց շարքերը։ Երկրամասում ամենուրեք թուրքաշատ վայրերում վխտում էին թուրք էմիսարները և տեղական թուրքերին, և ընդհանրապես մուսուլմաններին գրգռում, զինում, մարզում և ոտքի հանում ընդդեմ հայերի, ինչպես նաև վրացիների։ Նրանք այդ ավելի դյուրին դարձնելու համար առաջ էին մղում կրոնական և թուրքիզմի գործոնները միաժամանակ։ Կրոնական գործոնը միավորում էր իսլամ դավանող բոլոր ժողովուրդներին (թուրք, քուրդ, մուսուլման, վրացիներ և այլք), իսկ պանթուրքիզմն էլ ավելի էր բորբոքում Անդրկովկասի թուրքերի մեծ թուրանական պետության ստեղծման նրանց երևակայությունը։

Օսմանյան կայսրությունն ահա այս և նման այլ ճկուն քաղաքականությամբ կարողանում էր արագորեն առաջ շարժվել ու գրավել քաղաքները՝ համարյա առանց հանդիպելու դիմադրության։ Փետրվարին թուրքերը գրավեցին Երզնկան, Բայբուրդը, Մամախաթունը, մարտի 4-ին գրավեցին Արդահանը, 12-ին՝ Էրզրումը, ապրիլի 5-ին՝ Սարիղամիշը, 15-ին՝ Բաթումը, իսկ 25-ին՝ անառիկ համարվող Կարսը, առանց գնդակ արձակելու…

Անկախ Անդրկովկասում հայ ժողովուրդը նորից միայնակ մնաց թուրքական իմպերիալիզմի դեմ։ Թվում էր, թե Անդրկովկասի «դեմոկրատական», «հանրապետական» կառավարությունն ինչ-որ միջոցների կդիմի մի ամբողջ ազգի կործանումը կանխելու համար։ Բայց զուր… Թուրքիայի ուժի դիմաց կանգնած էր անդրկովկասյան կառավարության անզորությունը։ Վրաց մենշևիկները փորձում էին իրենց սեփական մորթին փրկել և իրենց «ազգային գործերը» կարգավորել Հայաստանի հաշվին։ Մուսավաթականները, որքան ներում էին իրենց հնարավորությունները, հարվածում էին հայության թիկունքին՝ թուրքերի գործը հեշտացնելու, նրանց կողմից Անդրկովկասը հնարավորին չափ շուտ օկուպացնելու նպատակով[1]

  1. Տե՛ս Հր. Ռ. Սիմոնյան, Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից, Եր., Հայաստան հր., 1991թ., էջ 303—304։