Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղացիներին գրավելու Սաղամո գյուղը, թալանելու և ավերելու այն։

Ավելին, գանձացիները սաղամոցի թուրքերին, ապահովության նպատակով, տեղափոխեցին Գանձա, պահելով իրենց տներում, կերակրում էին ինչպես ընտանիքի անդամների։

Հավանաբար գանձացիների ցուցաբերած այս վեհ մարդասիրությունն էր պատճառը, որ Անդրկովկասյան սեյմի կառավարությունը նպատակահարմար գտավ Թիֆլիսի նահանգի քրիստոնյաների և մահմեդականների միջև հաշտության բանակցություններ անցկացնել Գանձայում։

Ախալքալաքի Հայոց ազգային խորհուրդն իր նախաձեռնությամբ, ինչպես նաև ընդառաջելով կենտրոնական իշխանություններին, մի քանի անգամ փորձ էր արել բանակցությունների մեջ մտնել Ախլցխայի և Ախալքալաքի գավառների թուրքերի հետ, քրիստոնյաների և նրանց հարաբերությունները լավացնելու, միմյանց հետ հաշտեցնելու համար։ Ինչպես «Մշակ» թերթում[1] գրում է Ախալքալաքի գավառի Հայոց ազգային խորհրդի նախկին նախագահ Մկրտիչ Մարգարյանը, այդ բոլոր բանակցություններին Ախալքալաքի պատվիրակությունների թվում ինքը ևս մասնակցել է։

Նման բանակցություններ տեղի են ունեցել Ախալցխայում[2], Կարծախում, ինչպես նաև Գանձայում։

Գանձայում տեղի ունեցած բանակցություն-ժողովի արձանագրությունը տպագրված է «Հորիզոն» թերթում[3]:

Հաշտության պատվիրակության ժողովը տեղի է ունեցել 1918-ի մայիսի 1-ին։ Ժողովի մասնակիցներն էին՝ սեյմի ներկայացուցիչներ՝ Կիլոսանիան և Ղոջաևը (որպես սեյմի ներկայացուցիչ պետք է ժամաներ Սարգսյանը, սակայն վերջինս պատճառաբանելով Ազգային խորհրդում իր անհետաձգելի գործերը, հրաժարվել էր, իսկ սեյմը, ինչպես ներկայացնում է Կիլոսանիան, նրա փոխարեն լիազորել էր Աղայանին), Բորչալուի գավառի մուսուլմանների ներկացուցիչ՝ Աջալովը, հայերի ներկայացուցիչ՝ Աղայանը (նա

  1. Տե՛ս «Մշակ», 1918թ., № 126։
  2. Տե՛ս «Շարժում», 1918թ., № 13:
  3. Տե՛ս «Հորիզոն», 1918թ., № 92։