Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չունի։ Սահմանի տվյալ հատվածում թուրքերի առաջխաղացումը բացաւտրում է հետևյալ կերպ, որ երևի հակառակ կողմից (այսինքն հայերի կողմից) հարձակում է եղել, իսկ թուրքերը պատասխանել են։ «…Ինքը նորից կարգադրել է, որ տաճիկ զորամասը հետ գա Չինգիլի մյուս կողմը»[1]։

Ահա և Վեհիբի «տեխնիկական զինանոցի» արտահայտությունների մեկ օրինակ։ Ինչպես մեծ եղբայրը՝ Օսմանյան Թուրքիան, ռազմաճակատի գծում հանգիստ չէր մնում, այնպես էլ փոքր եղբայրները, Անդրկովկասի թուրքերը, խիստ անհանգիստ էին պահում իրենց Ախալցխայի, Ախալքալաքի գավառներում և այլուր։ Թուրքիայի բազմակողմանի աջակցությամբ հզորացած ու նրա հաջողություններով ոգևորված՝ նորանոր չարիքներ էին գործում։

Այսպես, Խերթվիսի գյուղական հասարակության և Ասպինձայի ու նրա շրջապատի բազմաթիվ գյուղերի թուրքեր ապրիլի 25-ին (ն. տ. մայիսի 7-ին) հարձակվեցին Ախալքալաքի գավառի վրացական Սարո և Խիզաբավրա գյուղերի վրա և փորձեցին գրավել Ձվելի-Զեդի (Հին-Զեդի) կիրճը, սակայն Խիզաբավրայի «հազարյակի» կողմից հետ շպրտվեցին։

Հայերը այս անգամ էլ վրաց եղբայրներին միայնակ չթողեցին։ Հայկական Գումբուրդո և Դիլիսկա գյուղերի զինված ուժերը թիկունքից հարվածեցին թուրք հրոսակներին։ Նրանց հետ միասին կռվին մասնակցում էին նաև Դիլիսկայի գյուղական հասարակության վրացական գյուղերը, թիֆլիսցի հայդուկ, խմբապետ Նիկոլի խումբը։

Խիզաբավրայի և Սարոյի «Հազարյակը» և հայկական զինված ուժերը երեք կողմից շրջապատեցին Խերթվիսը։ Գիշերային գրոհների դիմելով՝ հնգօրյա համառ ու արյունոտ մարտերից հետո գրավեցին այն[2]։

Ապրիլի 30-ին (մայիսի 13-ին ն. տ.) Խերթվիսի և օգնության եկած մյուս թուրքերը գլխովին ջախջախվեցին և տալով 50 վիրավոր ու սպանված, շպրտվեցին Քուռ գետի ձախ ափը[3]

  1. Տե՛ս «Հորիզոն», 1918թ., № 82:
  2. Տե՛ս «Հորիզոն», 1918թ., № 88։ Նաև Դիլիսկայի և Գումբուրդոցի ժամանակակիցների պատմածները…
  3. Տե՛ս «Հորիզոն», 1918թ., №92։ Նաև գումբուրդոցիների և դիլիսկացիների վկայությունները։