Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հնգօրյա այդ մարտերում մենք էլ կորուստներ ունեցանք, որոնց թվում էր՝ հերոսաբար զոհված դիլիսկացի Վաղինակ (Վաղո) Կրջացյանը (Հնոյենց) և խմբապետ Նիկոլը։ Ախալքալաքի ազգային խորհուրդը Նիկոլի սպանվելու կապակցությամբ հեռագրում է Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդ՝ բոթը գուժում ու սպասում նրա կարգադրությանը՝ տեղում թաղել, թե դին տեղափոխել Թիֆլիս։ Ըստ հեռագրի Նիկոլն սպանվել էր մայիսի 12-ի (հ. տ. ապրիլի 29-ի) կռվում[1]։

Այս ճակատամարտի արձագանքները հասնում են նաև Ախալցխա։ «Շարժում» թերթը մայիսի 3(16)-ին գրում է Ուրավելի շրջանի Զուրզելա գյուղից փախած մի վրացու պատմածն այն մասին, թե ինչպես թուրքերն իրենց զինաթափ են արել, գեղեցիկ կանանց տարել են, իսկ երիտասարդ տղամարդկանց գերի վերցնելով՝ տարել են Ախալքալաք, որպեսզի այնտեղի թուրք գերիների հետ փոխանակեն։

«Այնտեղից վերադարձող թուրքերը ճանապարհին պատահելով ասում են, ուր եք տանում սրանց, Հայերը Խերթվիսն առել են, արդեն Տոլոշի վրա կռիվ է…»[2]։

Իսկ գեներալ Արջևանիձեն Բորժոմիում Ախալքալաքից հեռախոսագիր էր ստացել, որ սարոցիք ու խիզաբավրացիք վերցրել են Խերթվիս գյուղը և պատրաստվում են Օթաների վրա արշավելու[3]։ Արջևանիձեն, ինչպես տեսնում ենք, լուրը միակողմանի է ներկայացնում, կամ գուցե իրեն են այդպես տեղեկացրել։ Փաստն ակնհայտ է, որ այդ ճակատամարտը հայերն ու վրացիները համատեղ են մղել ու համատեղ էլ հաղթել են…

Այդ կռիվներին զուգահեռ նախապատրաստվում էր Ասպինձայի ճակատամարտը։

ԱՍՊԻՆՁԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Ախալցխայի շրջափակումը տակավին շարունակվում էր։ Քաղաքը և հայ-վրացական գյուղերը, ինչպես տեսանք վերևում, կռվում էին հերոսաբար՝ ապավինած իրենց սեփական

  1. Տե՛ս «Հորիզոն», 1918թ., № 90։
  2. Տե՛ս «Շարժում», 1918թ., № 28։
  3. Տե՛ս «Շարժում», 1918թ., № 29: