Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անդրկովկասյան հանրապետության և Թուրքիայի միջև, որի հետ միամիտ հայերը մեծ հույսեր էին կապել։ Իսկ ի՞նչ էին մտածում թուրքերը։ Նրանք հաշվի չէին նստում Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրի հետ և ուզում էին Կովկասում գրավել ստրատեգիական կարևոր կետեր, հատկապես երկաթուղիներ, և նպատակ ունեին թույլ չտալ Վրաստանի և Հայաստանի կողմից Կովկասում թուրքական զորքերի գործողությունների ազատության որևէ սահմանափակում[1]։

Ալեքսանդրապոլի ստրատեգիական դիրքն, ինչ խոսք, խիստ կարևոր էր նրանց համար։ Երկաթուղային այս հանգույցը թուրքերի երազանքների՝ պանթուրքիզմի ստրատեգիական նպատակների իրականացման հանգույցն էր, որտեղից երկաթգծով զորքեր կտեղափոխեին Նախիջևան, թուրքաբնակ հյուսիս-արևմտյան Իրան, Թիֆլիս, Երևան, Բաքու, որտեղից էլ՝ Միջին Ասիա և այլն։

Մարշալ Վեհիբին, անշուշտ, անչափ հետաքրքրում էր նաև Ախալքալաքի գավառի հայությանը տեղահան անելու և գաղթեցնելու հարցը։

Նա, Խալիլ բեյի վերջնագիրը հայ պատվիրակների կողմից ընդունվելուց հետո, Բաթումում, լկտիաբար ասում է. «ճակատագիրը կը քշէ Թուրքիան արևմուտքեն արևելք. մենք հեռացանք Բալկաններեն, կը հեռանանք նաև Ափրիկեեն, բայց մենք պետք է տարածվենք դեպի արևելք, հոն է մեր արյունը, մեր կրոնքը և լեզուն։ Եվ ասիկա տարերային ձգողություն ունի։ Մեր եղբայրները Պաքու, Տաղստան, Թուրքեստան և Ատրբեջան են։ Մենք պետք է ճամբա ունենանք դեպի հոն։ Եվ դուք՝ հայերդ, կանգնած եք մեր այդ ճամբուն վրա։ Պահանջելով Վանը՝ դուք կփակեք մեր ճամբան դեպի Պարսկաստան։ Պահանջելով Նախիջևանը և Զանգեզուրը՝ դուք արգելք կը դառնաք մեզ իջնելու Քուրի հովիտը և երթալու Պաքու։ Կարսն ու Ախալքալաքը կը փակեն մեր ճամբան դեպի Ղազախ ու Գանձակ։ Դուք պետք է մեկ կողմ քաշվեք և մեզ ճամբա տաք։ Ահա թե ուր է մեր հիմնական վեճը» (Ա. Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» էջ 70)[2]։

  1. Տե՛ս Ա. Հ. Հարությունյան, Թուրգական ինտերվենցիան Անդրկովկաս 1918 թ. և ինքնապաշտպանական կռիվները, ՀԽՍՀ Եր., 1984թ., էջ 170։
  2. Տե՛ս Հ. Գ. Թուրշյան, «Սարդարապատի հերոսամարտ», Եր., 1965թ., էջ 176-177։