Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչպես տեսանք, Ախալքալաքի հայությունը նույնպես ընկած էր պանթուրքիզմի «ճամբին»։

Նախ հարկավոր էր Ալեքսանդրապոլը գրավել… Եվ ահա, մայիսի 14(1)-ի լույս 15(2)-ի գիշերը Խալիլ բեյը վերջնագիր ներկայացրեց, պահանջելով մինչև ժամը 7-ը Ալեքսանդրապոլը դատարկել և զորքերը քաղաքից 25 վերստ հեռացնել։ Չսպասելով վերջնագրի պատասխանին, թուրքերն սկսեցին հարձակումը։ Ըստ «Մշակ» թերթում տպագրված պաշտոնական հաղորդագրության[1], թուրքերը մայիսի 15(2)-ին ժամը 17-ին գրոհեցին մեր զորքերի աջ թևի վրա, գրավեցին Օրթաքիլիսան, կտրելով երկաթուղագիծը, և շարժվեցին դեպի Ջաջուռ, իսկ հարվածելով ձախ զորաթևին, գրավեցին Փոքր-Ղարաքիլիսան և թիկունքից շարժվեցին Ալեքսանդրապոլի վրա։ Ալեքսանդրապոլի գրավումը մայիսի 16(3)-ին ավարտելով՝ մայիսի 18(5)-ին թուրքերն արշավանք սկսեցին երեք ուղղությամբ։

Զորաբանակներից մեկը Զավախքի և Լոռվա վրայով շարժվում է դեպի մոլսուլմանական Բորչալու և Աղբուլաղ՝ Թիֆլիսի վրա արշավելու համար[2]։

Քարախաչի վրայով դեպի Թիֆլիս շարժվող թուրքական V կովկասյան դիվիզիայի դեմ, ինչպես գրում է Խորհրդային միության մարշալ Հ. Ք. Բաղրամյանը, կանգնած էր գեներալ Անդրանիկի ջոկատը, որը տեղական բնակչության հետ միասին հերոսական դիմադրություն էր ցույց տալիս[3]:

Հավանաբար Հ. Գ. Թուրշյանի նշած Ջավախք արշավող զորքերն այս V Կովկասյան դիվիզիայի զորամասերից էին։

Թուրքիայի այս հանդուգն ու գիշատիչ քայլերը անհանգստություն ու դժգոհություն առաջացրին գերմանացիների շրջանում։ Մայիսի 15-ին Կոստանդնուպոլսից Բեռլին՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությանը հղած հեռագրում գեներալ Լոսովը գրում է. «Զուտ հայկական մարզեր Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի և Երևանի նկատմամբ թուրքերի չափից դուրս պահանջները ցույց են տալիս, որ նրանք ձգտում են գրավել Բրեստի պայմանագրով չնախատեսված մարզեր,

  1. Տե՛ս «Մշակ», 1918թ., № 99:
  2. Տե՛ս Հ. Գ. Թուրշյան, նշված աշխատ. էջ 124։
  3. Տե՛ս И. X. Баграмян, նշվ. աշխ., էջ 76: