Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընտանիքներին սատար լինելու, մասնակցելու հայրենի գյուղերի ինքնապաշտպանական մարտերին: Այդպես վարվեցին Սաթխայի գյուղական հասարակության գյուղերի մարտիկները, որոնք սաթխացի սպա Ստեփան Կոբալյանի հրամանատարությամբ, փոխգնդապետ Առաքելյանի թույլտվությամբ իրենց հետ տանելով մեկ թնդանոթ (սակավաթիվ արկերով), գնացին Սաթխա՝ միանալու տեղի ինքնապաշտպանական զորքին…

Գնդի հիմնական ուժերը հասնելով հայկական Արագովա գյուղը, մայիսի 10(23)-ին փոքր-ինչ հանգստանալուց հետո գյուղացիներից փամփուշտ հավաքեցին և վերադարձան սահման։ Նրանք այնտեղ գրոհով դուրս քշեցին թուրքերին Սուլդա գյուղից, ազատագրեցին այն և դիրքեր գրավեցին գյուղի մերձակայքում[1]։

Գնդի հետևից մի քանի գյուղերի (Գումբուրդո, Դիլիսկա, Վաչիան և այլն) բնակիչներ, որոնք ավելի համարձակ էին, վերադարձան իրենց գյուղերը, իսկ մեծամասնությունը աստիճանաբար անցավ Բակուրիան…

Գնդի շտաբը վերադարձավ Ախալքալաք։ Ուսուլ-Խեչոյի խումբը, որի անձնակազմի 90%-ը հայեր էին, իսկ 8—10%-ը՝ այդ օրերին խմբի կազմը համալրած վրացիներ, պահում էր Սարո-Սիլդա-Գոգաշեն գիծը։ Թուրքերն այստեղ Խերթվիսի և Ասպինձայի ջարդերից հետո չէին համարձակվում խախտելու ռեգիոնի անդորրը[2]… Ռազմամթերքի հարցում խմբի վիճակն անհամեմատ լավ էր գնդի վիճակից…

ՍԱԹԽԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ[3]

Սաթխա գյուղը Ախալքալաքի գավառի Բոգդանովկայի տեղամասի Սաթխայի գյուղական հասարակության կենտրոնն էր (գյուղերը ութն էին՝ Սաթխա, Խոջաբեկ, Օրոջալար, Մեծ Արագյալ, Փոքր Արագյալ, Սաղամո (թուրքաբնակ), Գանձա և Փոկա)։ Սաթխայի բնակչությունը 1886-ի ավյալներով կազմում էր 1987 մարդ, 1915-ի տվյալներով՝ 2470 մարդ, իսկ 1918-ին գյուղի բնակչության թիվը հասել էր 3250 մարդու։

  1. Տե՛ս «Кавказское слово», 1918 г., № 112.
  2. Նույն տեղում («Кавказское слово», 1918 г., № 112):
  3. Տե՛ս «Բանբեր Հայաստանի արխիվների», 1986թ., № 1, էջ 123—135: