Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զինված ուժերի գլխավոր հրամանատար, փոխգնդապետ Առաքելովի հետ։

Ախալքալաքի գավառի սահմանները՝ Օրլովկա գյուղից մինչև Դիլիֆ գյուղը՝ 10 —12 կմ տարածության վրա, հսկում էին Սաթխայի հեծյալները։

ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Թուրքերի ոչ մեծաքանակ կանոնավոր զորքերը և բազմաթիվ թուրք ու քուրդ բաշիբոզուկներից կազմված ջոկատները մայիսի սկզբներին (հ. տ.) Ղարսի կողմից շարժվելով՝ Չըլդըրի բաշիբոզուկների հետ միացած անցնելով Չըլդըրի լեռները, հայտնվում են Ջավախքում։ Նրանց մի մասը 1918-ի մայիսի 7-ին (20-ին) գրոհում է Կարծախի ու Սուլդայի ուղղությամբ դեպի Ախալքալաք, իսկ մյուս մասը՝ մայիսի 8(21)-ին Մեծ Խանչալի գյուղի վրայով՝ Սաթխա։

Այդ մասին Սաթխայի հեծյալ պահակախմբի տղաները անմիջապես տեղեկացնում են գյուղի Ազգային խորհրդին ու զինվորականությանը։ Ազգային խորհուրդն անմիջապես զինված ուժերի գլխավոր հրամանատար Հ. Խանոյանին կարգադրում է ընդառաջ գնալ թշնամուն և թույլ չտալ նրան մտնելու Մ. Խանչալի։ Հեծյալ ջոկատը Հ. Խանոյանի և Մ. Մշեցյանի հրամանատարությամբ սլանում է դեպի Մ. Խանչալի։ Հեծյալներին կրնկակոխ հետևում է հետևակը՝ Գարեգին Սուքիասյանի գլխավորությամբ։ Դեպի թշնամին են նետվում նաև պահեստայինները, որոնք ազգային խորհրդի տագնապի կոչին անսալով՝ ոտքի էին ելել, վերցնելով տանն ունեցած զենքերը, որոնցից ոմանք էլ եղաններով էին զինվել։ Այդ օրը Սաթխայի ազգային խորհուրդը կարողանում է ոտքի հանել նաև հարևան Մեծ և Փոքր Արագյալների, Օրոջալարի և Խոջաբեկի մարտունակ երիտասարդության որոշ մասին։ Աշխարհազորայինների գլուխ էր անցել ազգային խորհրդի անգամ Զաքար Կակոսյանը, որի մասին ժամանակակիցները խորին ակնածանքով են արտահայտվում որպես հայրենասեր, կամային ու խիզախ անձնավորության։ Նա խստապահանջ էր բոլորի, առաջին հերթին՝ իր և որդիների նկատմամբ… Տղաներից պահանջում էր լինել ամենավտանգավոր տեղերում, չնայած նրանց դեռահասությանը։ Նա որդիներին դիմում է այսպես.