Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Պետք է կռվեք անձնազոհաբար, ինչը պահանջվում է մեր ժողովրդի փրկության համար, հակառակ դեպքում ձեր հերը կանիծեմ…»

Սաթխայի հեծյալները ավելի շուտ են մտնում Մեծ Խանչալի, քան թշնամին կգրավեր այն։ Մեծխանչալեցիները և փոքրխանչալեցիները դիրքեր մտած սպասում էին թշնամու մոտենալուն… Թուրքերը, տեսնելով հայ զինվորների խիզախ առաջխաղացումը, կանգ են առնում գյուղից հարավ գտնվող բլրի վրա և պատրաստվում կասեցնելու սաթխացիների գրոհը։ Նրանք, հարմար տեղում տեղավորելով գերմանական տիպի գնդացիրը, սկսում են գնդացրային, ինչպես նաև հրացանային կրակ տեղալ մեր հեծյալների ուղղությամբ։ Վերջիններս իջնում են ձիերից և փորսող տալով առաջանում դեպի թշնամին։ Սաստկանում է թշնամու կրակը և մեր քաջերին գամում գետնին։ Ավելորդ զոհեր պետք չէր տալ։ Գլխավոր հրամանատար Հ. Խանոյանը, իր մոտ կանչելով հեծյալների հրամանատար Մ. Մշեցյանին, խորհրդակցում է նրա հետ և որոշում երկու կտրիճ տղաների ուղարկել թշնամու գնդացիրը լռեցնելու։ Մամիկոն Փահլևանյանը և Գալուստ Բրոյանը, լսելով այդ, ցանկություն են հայտնում գնալ: Զինվորների մարտական ոգին խիստ բարձր էր։ Շատերն են ցանկանում կատարել այդ կարևոր ու դժվարին հանձնարարությունը, սակայն հրամանատարներն ընտրում են առաջիններին, որոնք պատերազմելու մեծ փորձ ունեին։ Մամիկոնն ու Գալուստը փորսող տալով առաջանում են դեպի թշնամու գնդացիրը, իսկ մյուս զինվորները հրացաններից կրակ են տեղում թշնամու վրա և նրանց ուշադրությունը շեղում ձորակների ու քարերի միջով սողացող երկու խիզախներից։ Երբ տղաները բավականին մոտենում են գնդացրորդին, Մամիկոնը կանգնում է ամբողջ հասակով և նռնակը նետում դեպի գնդացիրը։ Նռնակը նպատակակետին չի հասնում, իսկ Մամիկոնը վիրավորված թշնամու գնդակից ընկնում է գետնին։ Գալուստը սողեսող մոտենում է ընկերոջը, նրան տեղափոխում հարմար տեղ և վիրակապում, որից հետո սողեսող առաջանում է դեպի թշնամու գնդացիրը, նետում է նռնակն ու սպանում գնդացրորդին։ Լռում է թշնամու գնդացիրը։ Գալուստը նույնպես վիրավորվում է։

Հեծյալները ոտքի են ելնում և «ուռա» գոչելով նետվում