Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջ։ Տեղ էր հասել նաև հետևակը, իսկ հեռվում երևում էր մոտեցող աշխարհազորը։

Թուրքերը, որոնք երևի երբեք չէին սպասում հայերի կողմից այսպիսի ցասումնալից ու հզոր գրոհի, սարսափահար սկսում են փախչել։ Հեծյալներն իրենց գցելով ձիերի թամբերին, հետապնդում են թշնամիներին և քշում գավառի սահմաններից դուրս։

Թուրքերն այս մարտում տալիս են երեք սպանված, բազմաթիվ վիրավորներ և մեկ գերի, սաթխացիները՝ միայն երկու վիրավոր։

Թշնամուն քշելուց հետո Սաթխայի ազգային խորհրդի որոշմամբ մեծխանչալեցիներին (ի դեպ Մեծ Խանչալի էին տեղափոխվել փոքրխանչալեցիները) վերաբնակեցնում են Սաթխայի գերեզմանատան մոտ՝ ռազմաճակատի գծից հեռու, ապահով լինելու համար։

Այս առաջին և փայլուն հաղթանակն էլ ավելի է բարձրացնում հայերի մարտական ու բարոյական ոգին, բայց չի թուլացնում նրանց զգոնությունը։ Սաթխացիները լավ էին հասկանում, որ իրենք գործ ունեն ահեղ և նենգ թշնամու հետ։ Սաթխայի զինված ուժերի մի մասը վերադարձավ Օրլովկայի մոտի ճամբարը, իսկ մյուս մասը մնաց Մեծ Խանչալիում՝ հսկելու ռազմաճակատի Մեծ Խանչալիից մինչև Դիլիֆ գյուղն ընկած մոտ 4 կմ հատվածը։ Սաթխայի փոքրաթիվ զորքին վիճակված էր պահելու ռազմաճակատի հսկայական գիծը (10-12 կմ):

ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ

Ինչպես վերևում ասվեց, երբ Կարծախի մոտ թուրքերը մայիսի 7(20)-ին հանկարծակիի բերեցին հայկական զորքերին վերջիններիս անփութության պատճառով և ստիպեցին նահանջել, շատ զինվորներ, ինչպես և զինվորների խմբեր, Կարածախի ռազմաճակատում ամեն ինչ վերջացած համարելով (չնայած այդպես չէր դեռևս) թողնում էին գունդը և գնում իրենց գյուղերը ընտանիքներին սատար լինելու։ Ախալքալաքից փոխգնդապետ Առաքելովի թույլտվությամբ հեռացավ նաև Սաթխայի հասարակության գյուղերից (Սաթխա, Խոջաբեկ, Օրոջալար, Մեծ Արագյալ, Փոքր Արագյալ, Գանձա, Փոկա)