Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տագնապով 1918-ի մայիսի 23(10)-ին Կ. Պոլսից հեռագրում է Բեռլին.»… Ալեքսանդրապոլ քաղաքը գրավել են նրանք… թուրք զորքեր են գտնվում Ախալքալաքից դեպի հարավ ճակատում և առաջանում են դեպի Թիֆլիս և Երևան…» («Մշակ» 1920 թ. № 28)։

Թուրքերը համալրում ստանալով՝ մայիսի 17(30)-ին Բուղդաշենի (Գորելովկայի) սարահարթում սկսեցին նոր հարձակում Սաթխայի զինված ուժերի վրա…

Թուրքերը Կարծախի և Սուլդայի վրա նետել էին հիմնականում բաշիբոզուկներից կազմված ջոկատներ, իսկ կանոնավոր մեծաքանակ զորքը, ինչպես տեսանք վերևում, Ալեքսանդրապոլից էր շարժվում Ջավախք։

Սաթխացիների համար սպասվում էր խիստ անհավասար կռիվ, որովհետև թշնամին նրանց մի քանի անգամ գերազանցում էր թե՛ զորքի թվակազմով, թե՛ զենքով, թե՛ պատերազմելու փորձով։ Թշնամին ուներ 4 թնդանոթ, բազմաթիվ գնդացիրներ, իսկ Սաթխայի զինվորականությունը (ընդամենը մոտ 500 կռվող, այն էլ մեծամասնությունը անփորձ աշխարհազորայիններ) ուներ մեկ հրանոթ՝ շատ քիչ արկերով և միայն մեկ գնդացիր՝ անբավարար քանակի փամփուշտներով, որոնք Ախալքալաքից նահանջելիս իրենց հետ բերել էին Ա. Կոպալյանի վաշտի զինվորները։ Ընդհանրապես զգացվում էր ռազմամթերքի մեծ պակաս։

Մայիսի 17(30)-ին կեսօրին թուրքական առաջապահ զորքերը բաշիբոզուկնհրի ուղեկցությամբ մոտենում են Բուղդաշենին (Գորելովկա)։ Նրանք որոշ հանգստից հետո անցնում են հարձակման Սաթխայի զորքերի ձախ թևի վրա։ Սաթխացիների կրակե պատնեշը սասանեցնում է շարքերը։ Թշնամին զոհեր տալով նահանջում է։ Սպասելով հիմնական ուժերի տեղ հասնելուն, նրանք նախապատրաստվում են թարմ ուժերով գրոհելու։

Ինչպես վերևում ասվեց, այստեղ ձախ թևում էր գտնվում Սաթխայի զորքի ընտիր մասը։ Այստեղ էին գլխավոր հրամանատարը և շտաբի պետը։ Հ. Խանոյանը ռազմաճակատի աջ թևի հրամանատար Ս. Կոպալյանից պահանջում է թողնել Դիլիֆը և ամրանալ Մ. Խանչալիում՝ ռազմաճակատի գիծը կարճացնելու (5-6 կմ) նպատակով և նոր ուժեր ուղարկել օգնության ձախ թևին։ Աջ թևում թշնամին դեռևս սիրտ