Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկսում է գործել Սաթխայի միակ հրանոթը։ Հ. Չոբանյանի գլխավորությամբ հրետանավորները Սաթխայի բերդի ավերակներից կրակ են տեղում Ղարաղալայի (Սպասովկա) սարահարթով դեպի սաթխացիների դիրքերը սողացող թշնամու վրա։ Արկերը ճշգրտորեն հասնում են իրենց նպատակակետին։ Անասուններն սկսում են այս ու այն կողմ փախչել ու ցրվել, թուրք զինվորներն իրենց հերթին կրում են զգալի կորուստներ։ Գրոհող թշնամու զինվորները հնձվում են նաև պաշտպանների հրացանային համերաշխ համազարկերից։ Մի քանի ժամ անընդհատ ռազմաճակատի ձախ թևում տեղի էին ունենում թեժ մարտեր։ Սաթխացիների անձնազոհ գործողությունները, նրանց գրաված հարմար դիրքերը հորդացած գետի աջ ափին, ինչպես և դիպուկ հարվածող միակ հրանոթը, խիստ դժվարացնում էին թուրքերի բազմաքանակ զորքերի առաջխաղացումը։ Հ. Խանոյանի հրամանով Ս. Կոպալյանը, աջ թևում թողնելով միայն աշխարհազորայիններին, որոնք հերոսաբար շարունակում էին թշնամուն կասեցնել նրա դիրքերում, իր վաշտով օգնության է հասնում ձախ թևի քաջարի պաշտպաններին։

Կեսօրին թշնամին զգալով Սաթխայի ուժերի խիստ պակասը, որոշում է շրջանցել պաշտպանների ձախ թևը և անցնել նրանց թիկունքը։ Որոտում է թշնամու հրետանին, որի պաշտպանության ներքո թուրք զինվորների մի վաշտ վազքով անցնում է Սպասովկայի հարավային մասում գտնվող կամրջով, որը Սաթխայի պաշտպանները գուցե անհեռատեսորեն չէին պայթեցրել, և «Ղարա-Ղալա» ամրոցի հարավ-արևելյան կողմից առաջանում դեպի մերոնց թիկունքը։ Մերոնք ստիպված ձգում են պաշտպանական գիծը, ռազմաճակատի նոսրացման գնով։ Սաթխայի հրանոթը լռել էր արդեն՝ արկերի վերջանալու պատճառով, գգացվում էր փամփուշտների խիստ պակաս։ Թշնամին արհամարհելով մեծաթիվ կորուստները, սողում էր առաջ։

Վերջապես վրա հասավ նաև այն կուլմինացիոն պահը, երբ զգացվեց թշնամու գերակշիռ ուժերի առավելությունը…

Ազգային խորհուրդը նախագահ Կարապետ Ծառուկյանի գլխավորությամբ ստիպված համաձայնեց, որ ձախ թևի ուժերը կանոնավոր նահանջեն (նրանց գլխին կախված էր շրջապատման վտանգը)։ Ազգային խորհուրդը որոշեց նաև