Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղի բնակչությանը՝ կանանց, երեխաներին ու ծերերին, կազմակերպված կերպով գաղթեցնել Ծալկա, քանի դեռ թուրքերը չէին հասցրել մտնել գյուղ։

Ժամանակ շահելու համար թշնամուն հարկավոր էր ամեն գնով կասեցնել։ Եվ պաշտպանները կատարում էին անկարելին ու ցույց տալիս անվեհերության ու անձնազոհության աներևակայելի օրինակներ։ Գլխավոր հրամանատարը զորքի նահանջն ապահովելու համար դասակներից մեկը թողեց որպես վերջապահ (արիերգարդ):

Անձնուրաց կտրիճները թշնամուն պահեցին այնքան ժամանակ, մինչև պաշտպանների հիմնական ուժերը գյուղի մերձակայքում նոր դիրքեր գրավեցին։ Նրանց մեծ մասը նահատակվեց, իսկ ոմանք ծանր վիրավոր վիճակում գերի վերցվեցին։ Միայն քչերին հաջողվեց հասնել նահանջողներին։ Խիզախաբար զոհվեցին՝ Մկրտիչ Խանոյանը (Հ. Խանոյանի եղբայրը), Բափել Թորոսյանը, եզդի-քուրդ Կոստանը, ազգային խորհրդի անդամ Զաքար Կակոսյանի դեռահաս տղաները՝ Պետրոսն ու Հովակը, որոնք «Ճերմակհողնոց» վայրում դիմադրում են թշնամուն մինչև վերջին փամփուշտը, մինչև իրենց գլխատվելը, ինչպես և շատ ուրիշ քաջեր։ Վիրավոր վիճակում գերի բռնվածների թվում էին Ստեփան (Տաշտամիր) Սանոսյանը և ուրիշներ։

Նոր ռազմաճակատի գիծը, «Օցոտ թըփը» կոչվող բլրից գյուղի եզրով խզվելով 3 կմ, հասնում էր «Ատաներ» կոչվող մարգագետինը։ Պաշտպաններին հաջողվում է թշնամուն կասեցնել ևս 1—2 ժամ, որի շնորհիվ բնակչության մեծամասնությունը հասցնում է դուրս գալ գյուղից և փախչել Մ. Արագյալի ուղղությամբ։ Թշնամին մտնում է գյուղ, կատաղի մարտեր են տեղի ունենում գյուղի փողոցներում, որի ժամանակ ոտքից վիրավորվում է շտաբի պետ Հմայակ Փահլևանյանը և գերի վերցվում կնոջ հետ միասին։ Պաշտպանների բժիշկ Հարություն Մանվելյանը վերջին վիրավորներին է նստեցնում ձիասայլերի վրա, երբ թուրքերն արդեն մոտենում են։ Նա վերցնում է հրացանը, հրամայում է շարժել ֆուրգոնները և ինքը դիրք է գրավում ցանկապատի հետևում։ Նա երկու ծերունիների հետ այնքան է մարտնչում, մինչև սայլերը հեռանում են գյուղից։ Հերոսի մահով զոհվում է նաև բժիշկ Մանվելյանը՝ Մարդ-մարդը։