Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ վիրավորներին տեղափոխող ֆուրգոնները դուրս են գալիս գյուղից, գլխից վիրավոր Ստեփան Կոպալյանը նկատում է, որ թուրքական զորքերի մի մեծ խումբ, ճեղքելով մեր զորքերի շարքերը, բերդի արևելյան կողմից մոտենում են գերեզմանատանը՝ նահանջողներին շրջապատելու նպատակով։ Չնայած ծանր վերքին, Ստեփանը վերցնում է հրացանը և իջնում ցած։ Նրա հետ գերեզմանաքարերի հետևում դիրքեր են գրավում նաև նրա հայրը՝ Մուշեղը, և հորեղբոր տղաները՝ Եղիա և Խոսրով Եզեքի Կոպալյանները։ Նրանց հետ էին նաև Ստեփանի մայրն ու կինը՝ կրծքի երեխան գրկին։ Չնայած Ստեփանի հորդորներին հեռանալ իրենցից և միանալ գաղթողներին նրանք մնացին անդրդվելի։

Չորս Կոպալյանները դիպուկ կրակով սկսում են հնձել թուրք զինվորներին, որոնք բլրից իջնելիս իսկական թիրախ էին դառնում։ Այդ անհավասար մարտը բավականին երկար է տևում։ Սպանվում են տասնյակ ասկյարներ։ Զոհվում են նաև՝ Եղիան, Մուշեղը, Խոսրովը։ Ստեփանը վիրավորվում է ձախ թևից, բայց շարունակում է կրակել մինչև վերջին փամփուշտը, որից հետո դուրս է քաշում սուրը և մահացու խոցում իրեն մոտեցող ևս մի քանի թուրք զինվորների և ընկնում հերոսի մահով։ Ստեփանի մորն ու կնոջը գերի են վերցնում, իսկ որդուն՝ սպանում մոր գրկում… Գերի վերցրած ականատեսների վկայության համաձայն բլրի լանջին ու գերեզմանատան եզրին Կոպալյանների կողմից այնքան շատ սպանված թուրք զինվորներ են եղել, որ «անցնիլ չէր ըլլի…»։

Կոպալյաններն իրենց կյանքի գնով հնարավորություն են տալիս Սաթխայի զինված ուժերի կենտրոնին՝ դուրս գալու գյուղից ու ազատվելու շրջապատման վտանգից և պաշտպանելով ժողովրդին՝ նահանջելու դեպի Արագյալ։ Մեր քաջարի պաշտպանները թշնամուն Մ. Արագյալի մերձակայքից ետ են մղում այնքան ժամանակ, մինչև կանայք, երեխաներն ու ծերերը Մեծ ու Փոքր Արագյալների միջև եղած նեղ կամրջով անցնում են գետի աջ ափը։ Վերջում անցնում են պաշտպանները և պայթեցնում կամուրջը։ Առանց կամրջի հորդացած ու կատաղած Թափարավան (Փարվանա) գետն անցնելն անկարելի էր։ Մերոնք Փ. Արագյալից