Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեծ կորուստներ և օգտվելով խավարից, ճեղքում են շրջապատումն ու նահանջում թողնելով 14 սպանված[1]։

Հայ զինվորականները թշնամու գերակշիռ ուժերի ճնշման տակ՝ կռվելով նահանջում էին։ Մայիսի 19-ի կեսօրին հասան Արագովա գյուղը և գյուղի մատույցներում դիրքավորվեցին։ Այստեղ մերոնք թշնամու մի քանի գրոհներ ետ մղեցին։ Առանձնապես աչքի ընկան՝ պորուչիկ Գևորգ Գուլանյանի և կապիտան Ռեզնիկովի ստորաբաժանումները։

Մերոնք թշնամուն այնքան պահեցին, մինչև որ գաղթականների վերջին խմբերը հեռացան դեպի Բակուրիան և Ծալկա։

Մայիսի 20 (հունիսի 2-ին) գավառից դուրս եկան նաև մեր զորքերը, և ամբողջ գավառն իր հսկայական հարստություններում միլիոնավոր փութ հացահատիկով, տասնյակ հազարավոր անասուններով և այլն, անցավ Թուրքիային…

Ինչպես գրում են ժամանակի թերթերը, հունիսի 2 (մայիսի 20-ից) հետո, գավառի հարավ-արևելյան մասում եղած իրավիճակը հայտնի չէ… Ենթադրում են, որ այնտեղ դեռևս շարունակվում են կռիվները[2]։

Ճշմարտությունն այն է, որ Սաթխայի և հարևան գյուղերի բնակչությունը Ծալկայի ճանապարհին շարունակում էր կռվով առաջ շարժվել, որովհետև Բորչալու գավառի թուրքական հեծյալ ջոկատները վխտում էին Թիքքար լեռնանցքի տարածքում և հաճախակի հարձակումներ կատարում գաղթականների վրա, նրանց անասունները քշելու փորձ անում…

1918-ի հունիսի 4-ին (մայիսի 22-ին) կնքվեց Բաթումի տխրահռչակ պայմանագիրը՝ (Խաղաղության և բարեկամության դաշինքը», համաձայն որի, Ախալցխայի և Ախալքալաքի գավառները, նույնպես անցան Թուրքիային։

Գրավելով Ախալքալաքի գավառը, թուրքերն այնտեղ մնացած հայերին, բացառությումբ հայ կաթոլիկների, համարյա բոլորին կոտորեցին…

  1. Այս թիվը Գումբուրդոյի ժամանակակիցներից ոմանց պատմածով՝ պետք է լինի 40, սակայն մեծ մասը, ինչպես նաև մեծարգո պարոն Զարմայր Սարգսի Խանոյանը (պաշտպանության հրամանատար Զ. Խանոյանի եղբոր տղան) ճշգրիտը համարում են 14-ը…
  2. Տե՛ս «Кавказское слово», 1918 г., № 119: