Jump to content

Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ օրը, ինչպես տեղեկանում ենք փետրվարի 1-ի «Շարժումից»[1], վերջապես ստեղծվեց Ազգային խորհուրդ: Հենց այդ օրն էլ՝ հունվարի 27-ին, Քաղաքային դումայի շենքում տեղի ունեցավ նորընտիր Ազգային խորհրդի անդրանիկ նիստը: Խորհրդի կազմում ընտրված՝ դաշնակցության, էսէռների և սոցալ-դեմոկրատների ներկայացուցիչները միաձայն Ազգային խորհրդի նախագահ ընտրեցին քաղաքագլուխ, դաշնակցական կուսակցության անդամ Զորի Զորյանին, օգնականներ՝ Վ. Ռշտունուն և Գ. Բայբուրդյանին, քարտուղար՝ Գ. Չիֆլիկյանին և գանձապահ՝ Յ․ Բախչինյանին:

Զորի Զորյանը, որ այդպես միաձայն ընտրվեց խորհրդի նախագահ, ընդամենը երկու ամիս էր, որ ստանձնելով Ախալցխայի քաղաքագլխի պաշտոնը աշխատում էր տեղում:

Կարծես երեկ էր, երբ 1917-ի նոյեմբերի 24-ին տեղեկություն ստանալով քաղաքի նորընտիր քաղաքագլխի՝ 31 տարեկան Զ.Զորյանի, քաղաք ժամանելու լուրը, բնակչությունը կառքերով, քաղաքային դպրոցի նվագախմբի նվագակցությամբ, համքարական և ՀՀ դաշնակցության դրոշակներով, դիմավորելու էր գնացել մինչև հին քաղաքի ծայրամասը: [2]

Դիմավորողները, իհարկե, չէին էլ ենթադրում, թե շատ շուտով, ընդամենը մեկ ամիս հետո քաղաքում և գավառում ամեն ինչ տակնուվրա է լինելու և հայ ժողովրդի Ախալցխայի հատվածի համար ստեղծված տվյալ օրհասական պահին այդ երիտասարդ տղան պետք է դառնա փրկիչ-հրեշտակ…

Նա փայլուն քննություն բռնեց դեկտեմբերյան սարսափելի օրերին և նրանց հետևանքով տեղի ունեցած ծանր իրադարձությունների ժամանակ՝ իր սառնասրտությամբ, անեանելի թվացող իրավիճակներից ելք գտնելու հնարամտությամբ ու կարողությամբ, շրջահայացությամբ, դիվանագետի մեծ խելքով, քաջ զինվորի գործելակերպով … Այդ կարճ ժամանակամիջոցում նա դարձել էր հայության (և ոչ միայն հայության) պաշտելին:

Զորի Նավասարդի Զորյանի ծնվել է 1886 թ. Թիֆլիսում: Հայրը Մեծ Հայքի Վասպուրական Նահանգի Գողթն գավառի Ցղնա գյուղից էր, զոկ: Մայրը՝ Եփեմիան, ծնվել էր Թիֆլիսում, եղել է իր ժամանակի ամենախելոք և կրթված կանանցից մեկը:

Զորին գիմնազիան ավարտել էր Թիֆլիսում և ընդունվել պոլիտեխնիկում: Սակայն հոր մահից հետո, նյութական միջոցների սղության պատճառով, բուհը չէր կարողացել ավարտել:

Նա դեռ պատանի հասակում իրեն նետել էր հասարակական-քաղաքական գործունեության հորձանուտը:

Զորին Ախալցխայի քաղաքագլխի պարտականությունները մեծ պատվով ու ջանասիրությամբ կատարեց՝ 1917-ի նոյեմբերի վերջերից մինչև 1921-ի գարունը: Այդ կարճ ժամանակամիջոցը դեպքերով ու իրադարջություններով հարուստ, հայ ժողովրդի համար ճակատագրական ու ծանր մի ամբողջ հավերժություն էր: Ստալինյան բռնատիրության տարիներին միլիոնավոր անմեղ քաղաքացիների ճակատագրին արժանացավ նաև Զ. Զորյանը՝ դատապարտվելով աքսորի: Երեք տարի հետո նա վերադարձավ աքսորից Թբիլիսի՝ ատամները թափված ու կմախքացած: Դիմելով նունպես աքսորից վերադարձած կնոջը՝ Վարվարա Յակովլևնային, ասաց. «Եթե ուրիշները ինձ պատմեին, ես չէի հավատա, որ մարդը կարող է դիմանալ այդպիսի տանջանքների, բայց ես դիմացա …»[3]։ Զորին 1943-ին Թիբիլիսիում զոհվեց ավտովթարից և թաղված է քաղաքի Պետեր-Պավլեի գերեզմանատանը:

Ախալցխայի Հայոց ազգային խորհրդի կազմավորվելուց անմիջապես հաջորդ օրը, 1918-ի հունվարի 28-ին, կիրակի, Ախալցխայի զինվորական միության նախաձեռնությամբ քաղաքային զբոսայգում տեղի ունեցավ Հայկական Գումարտակի (բատալիոն) կզմավորման առթիվ հանդիսություն, որին զինվորներից բացի ներկա էր նաև հսկա բազմություն: Նվագում էր բարձր տարրական դպրոցի փողային նվագախումբը: Մաղթանքի խոսքեր ասացին՝ Գայֆեճյանը, Ազնավուրյանը և գումարտակի հրամանատար փոխգնդապետ Չաուսովը (Չաուսյան)[4]։

  1. «Շարժում», 1918թ., №8։
  2. «Շարժում»,1917., №29։
  3. AИМ, Երվանդ Սիմոնյան, «Դեմքեր և դեպքեր», հուշագրություն (ձեռագիր), էջ 9-14 և 234-242
  4. «Շարժում», 1918թ., №8։