Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հուշերում նկարագրում այդ օրերի համաժողովրդական հերոսական ոգու մասին Երվանդ Սիմոնյանը. «Մայրերն ու կանայք իրենց որդիներին ու ամուսիններին մարտի դաշտ էին ուղարկում այնպես, կարծես տոնախմբության հանդես լինի… Շատ անգամ տանից բերում էին իրենց որդու կամ ամուսնու հրացանն ու փամփշտակալները, որպեսզի դրանք վերցնելու համար կռվի մեկնողը մեկ էլ տուն չգնա, ժամանակ չկորցնի, այլ հենց գործի տեղից, արտից կամ այգուց, կամ հավաքատեղից մեկնի մարտադաշտ, ի՞նչ անենք, որ այդ մարտում նա կվիրավորվի կամ կսպանվի»[1]։

ԲԱՐԵԳՈՐԾՈԻԹՅՈԻՆ

Հանուն ինքնապաշտպանության՝ մարդիկ դարձել էին մեկ բռունցք։ Զենք կրելու ընդունակ համարյա բոլոր 16—60 տարեկան տղամարդիկ և՛ քաղաքում և՛ գյուղերում ինքնապաշտպանության դիրքերում էին, կանայք՝ չէին խնայում ամուսինների կողմից նվիրված զարդերը կամ նեղ օրվա համար պահած դրամը։ Նրանք ստեղծել էին Ախալցխայի հայ կանանց բարեգործական ընկերություն, որն ուղղակի և անուղղակի ծառայեցնում էին ինքնապաշտպանությանը։

Ուշագրավ է ընկերության հունվարի 29-ին տեղի ունեցած ընդհանուր ժողովը՝ տիկին Ե. Չաթալբաշյանի նախագահությամբ և տիկին Ե. Տեր-Անտոնյանի քարտուղարությամբ: Ժողովում ջերմորեն ընդունվեց խոսակցությունը այն մասին, որ ընկերության տնօրինած ֆոնդերով («Հայրիկյան») պետք է հայկական դպրոցներում սովորեն հայ աղջիկներ, և պետք է հոգալ ինքնապաշտպանության կարիքները… Ժողովականները մտահոգված էին, որ ընկերության գրադարան-ընթերցարանի ընթերցողները սակավաթիվ են և նրանց թիվն ավելացնելու համար հարկավոր է գրադարան-ընթերցարանի մուտքը բոլոր կանանց համար դարձնել մատչելի…

Գաղտնի քվեարկությամբ ընտրվեց բարեգործական ընկերության նոր վարչություն (տիկին Ե. Չաթալբաջյան, տիկին Ս. Ղարայլանյան, տիկին Ա. Բայբուրդցյան, փոխանդամներ՝ տիկնայք Աղամբեկյան, Ինճիկյան, Քիրիշճյան)։

  1. Տե՛ս Ե. Սիմոնյան, նշ. աշխ., էջ 25։ «Լրաբեր», 1918 թ., № 4։