Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հակագրոհին, տալով 7 սպանված, սարսափահար փախան, իրենց հետ քարշ տալով այստեղ այնտեղ ընկած իրենց սպանվածներին ու վիրավորներին։

Ծուղրութցիներից սպանվել էին 4 մարդ։

Ճակատամարտի ելքն արդեն ծուղրութցիները վճռել էին, երբ ընթացքից մարտի մեջ մտավ օգնության հասած քաղաքի Հայկական գումարտակի մի վաշտ։

Փախչող թշնամիներին հետապնդելիս ու հալածելիս զոհվեցին գումարտակի երկու զինվորներ։

Բոլոր 6 զոհված հայորդիների դիակները տեղափոխվեցին Ախալցխա և թաղվեցին քաղաքի գերեզմանատանը։[1]

Մայիսի 4(17)-ին թուրքերը մեծաքանակ ուժերով (մեծ մասամբ օսմանյան բանակի զինվորներ), Թուրքիայի թնդանոթներով ու գնդացիրներով՝ առավոտյան ժամը 10-ին միաժամանակ հարձակվեցին հայկական Ծիրա (40 ընտանիք), Ծուղրութ (150 ընտանիք) և հույն-վրացական խառը բնակչություն ունեցող Միքելծմինդա (20 ընտանիք) գյուղերի վրա[2]։

Թշնամու ուժն այնքան էր գերակշիռ, որ քրիստոնյաները միայն կես ժամ դիմադրեցին։ Անակնկալի եկած գյուղացիները, զգալով, որ միայն իրենց ուժերով, առանց քաղաքի օժանդակության (քաղաքի համարյա բոլոր ուժերը զբաղված էին Մուսխի արշավանքով) կռվելն անիմաստ էր և խիստ վտանգավոր, կանոնավոր նահանջելով շարժվեցին դեպի Ախալցխա՝ քաղաքից հարվածող մեր հրետանու կրակի պաշտպանության ներքո։

Քրիստոնյաների այդ երեք գյուղերից հեռացավ համարյա ամբողջ բնակչությունը, բացառությամբ հատուկենտ ծերունիների։ Այս անգամ մերոնք կորուստներ չտվին։ Նրանք իրենց ամբողջ ունեցվածքը նախօրոք տեղափոխել էին քաղաք։ Անասունները նույնպես իրենց հետ քշեցին-բերին։

Թուրքերը մտնելով դատարկ գյուղերը, հրդեհեցին դրանք (այս գյուղերը մի քանի օր անընդհատ այրվում էին)։

  1. Տե՛ս «Շարժում», 1918 թ., № 29։
  2. Այս տվյալները՝ վերոհիշյալ երեք գյուղերի վերաբերյալ, վերցված են Զ. Դիդմամիշվիլու օրագրից։