Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և այնպես, պարենային կոմիտեն կարողանում էր Բորժոմից ալյուր, Ախալքալաքից ցորեն և գարի բերել։ Ի դեպ, Ջավախքը (Ախալքալաքի գավառը) մեսխեթցիների (Ախալցիխեի գավառ) համար դիտվել է որպես հացի շտեմարան… Եվ պատահական չէ այն ասացվածքը, թե մեսխեթցիները աղերսում էին աստծուն, որ իրենց բաժին անձրևը նույնպես թափի Ջավախքում, որպեսզի այնտեղ հացն առատ լինի…

1918-ի հունվարի 6-ին Ախալցխայի պարենավորման կոմիտեի պահեստում կար 1000 փութ ցորեն, 1000 փութ գարի և 500 փութ ալյուր։ Բորժոմիից սպասվում էր ևս 1000 փութ ալյուր, որը բերելու համար գնացել էր պարենավորման կոմիտեի անդամ ընկ. Ստ. Պետրոսյանը[1]։ Իսկ թե այդ որքանով կհաջողվեր նրան, դժվար էր ասել…

Հունվարի 28-ին (կիրակի օրը) Ախալցխայի քաղաքագլխի օգնական Միք. Այվազյանին հաջողվել էր նահանգային պարենավորման կոմիտեի լիազոր Ամիրյանի օժանդակությամբ Ախալքալաքի գավառից ստանալիք 5000 փութ գարուց Ախալցխա ուղարկել 1000 փութը, իսկ մնացած 4000 փութը խոստացել էին նույնպես ուղարկել… Հացը ավտոմեքենաներով տեղափոխելիս, ճանապարհին թուրքական Տոլոշ գյուղի մոտ նրանց վրա կրակել էին։ Բարեբախտաբար կրակոցը չէր վնասել որևէ մեկին կամ մեքենաներին[2]։

Փետրվարի 6-ին Ախալքալաքից ստացվեց ևս 5 ֆուրգոն գարի։

Պարենավորման կոմիտեի ջանքերով փետրվարի կեսերին Ախալքալաքից ստացվելու էր 3 ֆուրգոն ցորեն, սակայն այդ ֆուրգոններից մեկը Ասպինձայի թուրքերի «ջանքերով» տեղ չհասավ[3]։

Այո, պարենը, եթե Ախալքալաքից հասնում էր Ախալցխա, ապա դա հրաշք էր։

Հացահատիկն աղացվում էր պարոն Կ. Բայբուրդցյանի ջրաղացում, որը քաղաքից դուրս էր գտնվում։ Քաղաքային դումայի նախագահ Խ. Չիլինգարյանի ջանքերով, ինչպես ասվել է վերևում, նրա ջրաղացը տեղափոխվեց քաղաք։

  1. Տե՛ս «Հորիզոն», 1918 թ., № 11: Նաև «Շարժում», 1918 թ., № 3։
  2. Տե՛ս «Շարժում», 1918 թ., № 8:
  3. Տե՛ս «Շարժում», 1918 թ., № 13: