Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մայիսի 18(5)-ին Վեհիբ փաշայի զորքերը Ալեքսանդրապոլից շարժվեցին դեպի Երևան, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա և նաև Ջավախք… Թուրքիան, չբավարարվելով Բրեստ-Լիտովսկի պայմանագրով, ինչպես տեսանք, գրավեց Ալեքսանդրապոլը և միտք ուներ զավթելու նոր տարածքներ, այդ թվում՝ Ախալքալաքն ու Ախալցխան…

Սարդարապատում և Բաշ-Ապարանում թուրքերը ծանր պարտություն կրեցին, Ղարաքիլիսայում՝ մեծ դժվարությամբ հաղթահարեցին, Ախալքալաքում վերջին մարտերն էին տեղի ունենում։ Ախալքալաքի կողմից թնդանոթների կրակոցների ձայները լսվում էին Ախալցխայում։ Ախալցխացիները կարծում էին, թե իրենց համաքաղաքացի հայդուկ Ուսուլ-Խեչոն է գալիս օգնության…

Անդրկովկասյան սեյմը հայտարարել էր իր լիազորությունների դադարեցման և ինքնալուծարման մասին և Անդրկովկասում ստեղծվել էին երեք պետություններ՝ Վրաստան (մայիսի 26-ին), Ադրբայջան (մայիսի 27-ին), Հայաստան (մայիսի 28-ին)։

Այսպիսին էր իրադրությունը «դրսում», որի մասին Ախալցխայի հայությունն ու վրաց ժողովուրդը պաշարման հետևանքով անտեղյակ էին։ Պաշարվածները մի քանի հուսահատ փորձեր էին կատարել դրսի հետ կապ ստեղծելու համար, բայց ապարդյուն։ Ուղարկված մարդիկ անհետանում էին, կամ ոմանք էլ Ածղուրից հետ էին վերադարձվում։

Մուսխեցի քահանա Մ. Խ-վան խնդրել էր թույլ տալ իրեն լաստով Քուռ գետի հոսանքն ի վար գնալ Բորժոմի։ Լաստ պատրաստեցին տիկերի ու խցանների վրա ամրացված և մայիսի 13-ի (հ. տ. ապրիլի 30-ի) գիշերը մի ուղեկցի հետ մեկնեց, սակայն լաստը շրջվեց ու առավոտյան նրանք վերադարձան[1]։

Ըստ Զ. Դիդմամիշվիլու, մայիսի 16 (3)-ին գեներալ Մաղաշվիլու ուղարկած պատվիրակությունից մի օր մայիսի 17 (4)-ին Բորժոմիից վերադարձել էր և իր հետ բերել վրացերեն «Էրթոբա» («Միություն») թերթի մայիսի 10-ի և 11-ի համարները։

  1. Տե՛ս Զ. Դիդմամիշվիլի, օրագիր։ Նաև «Բանբեր Հայաստ. արխիվ.» 1918 թ., № 1, էջ 157: