Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հետաքրքիր է, հենց նույն օրը՝ մայիսի 17(4)-ին, վերադարձավ քաղաքապետարանի կողմից ուղարկված հայ պատվիրակը՝ ծուղրութցի Ներսես Երանոսյանը (Զուռնաչի Նենեն), որը ոչ թե Ածղուրով էր գնացել Բորժոմի, այլ հակառակ կողմով գնացել էը Քութայիս, իսկ այնտեղից՝ Թիֆլիս, կտրելով 150 կմ. ճանապարհ։ Թիֆլիսում նա առաջին հերթին ներկայանում է Վրաստանի և Իմերեթի թեմի հոգևոր առաջնորդ իր մանկության ընկեր Մխիթար եպ. Տեր֊Մկրտչյանին, այնուհետև՝ Հայոց ազգային խորհուրդ և պետական մարմիններին[1]։

Մինչև հունիսի 1֊ը (հ. տ. մայիսի 19-ը) կցկտուր լուրեր ստանում էին թուրքերից, այն էլ՝ դրանք հավաստի չէին, որովհետև սպառնալիքների, պահանջների ձևով էին հնչում․․․ պաշտպաններին խաբելու, թյուրիմացության մեջ գցելու համար էին տարածվում և այլն։

Մայիսի 18(31 )-ին Սաղելից երկու հայ գյուղացիներ գալով քաղաք՝ Զ․ Զորյանին և գեներալ Մաղաշվիլուն, ներկայանալով ասում են, որ իրենց մոտ գալով թուրք պատվիրակներ՝ առաջարկել են ենթակվել սուլթանի կառավարությանը, իսկ իրենք պատասխանել են, որ չեն ենթարկվի ո՛չ սուլթանին, ո՛չ էլ տեղական մահմեդականներին[2]։

Սերվեր֊բեգը Պատելայից Ծղալթբիլայի Վարդապետ տ. Քերովբին անգրագետ ռուսերենով գրություն է ուղարկում հետևյալ բովանդակությամբ․ «Արժանապատիվ հայր, խղճացեք ձեր ժողովրդին և ձեր որդկերանցը։ Եկեք կամովին անձնատուր եղեք մեզ։ Դուք մի կարծեք, որ մենք մենակ ենք։ Մեզ մոտ կան տաճիկ սպաներ և զինվորներ։ Բացի այդ, մեր մարդիկ 17—45 տարեկան զինված են։ Եթե չհամաձայնեք ժամանակին անձնատուր լինել, միևնույն է, ձեր բանը շատ վատ կլինի։ Նշանակեցեք չորս մարդ թող առանց զենքի գան Պատելայի կամուրջի վրա, բանակցենք։ Շտապեցեք, թե չէ ձեր բանը վատ կլինի»[3]։

Նույն Սերվեր-բեգը դրանից մի քանի օր առաջ հեռվից դիմելով ծղալթբիլացի երկու երիտասարդների, ասում է․

  1. Տե՛ս «Բանբեր Հայաստանի արխիվների», նույն տեղում
  2. Տե՛ս Զ․ Դիդմամիշվիլի, օրագիր։
  3. Տե՛ս «Շարժում», 1918 թ․, № 32։