Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ախալցխայի Վրաց ազգային խորհուրդը հունիսի 2-ին (մայիսի 20-ին) վրաց հասարակության ժողով հրավիրեց, որին մասնակցում էր քաղաքի ամբողջ վրացությունը։ Վրաց ազգային խորհրդի նախագահ՝ Իվանե Ասաթիանին և Ազգային խորհրդի անդամ վրաց հրեաների ռաբբի Բաազովը խոսեցին պատմական կարևոր իրադարձության՝ Վրաստանի անկախության մասին և ողջունեցին Վրաստանի վերածնված պետականությունը։

Ժողովը միաձայն ընդունեց որոշոււմ.

1. Ախալցխայի վրացիները պատրաստ են տալու իրենց կյանքը Վրաստանի հանրապետության ամրապնդման համար.

2. Խնդրել Վրաստանի կառավարությունից, Ախալցխան չտա թշնամուն, որը Վրաստանի համար գերեզման կպատրաստի…

3. Խնդրել Վրաստանի կառավարությունից՝ պաշտպանել Հայաստանին և օգնել նրա անկախության վերականգնմանը[1]։

Երեկոյան հրավիրվեց Քաղաքային դումայի նիստ։ Նիստին հրավիրված էին՝ հայկական, վրացական, ռուսական Ազգային խորհուրդների նախագահները և հասարակության ներկայացուցիչներ։

Ժողովը բացեց Քաղաքային դումայի նախագահ՝ Խ. Չիլինգարյանը։

Օրակարգը նվիրված էր Վրաստանի անկախությանը։

Այս անգամ էլ առաջինը խոսեց Ախալցխայի քաղաքագլուխ Զ. Զորյանը։ Նա շնորհավորեց վրացիներին Վրաստանի անկախության կապակցությամբ և ասաց, որ հայերը թե՛ ուրախության, թե՛ դժբախտության պահին վրացիների հետ են։ Նա մանրամասնորեն նկարագրեց ու մեկնաբանեց Վրաստանի անկախացման հանգամանքները։

Խոսեցին՝ Այվազյանը, կադետ Տեր-Գրիգորյանը, որոնք նույնպես արտահայտեցին Զ. Զորյանի արտահայտած մտքերը։

Այնուհետև ելույթ ունեցավ Ախալցխայի դաշնակցականների

  1. Տե՛ս Զ. Դիդմամիշվիլի, օրագիր։
    Հավանաբար բանագնացը Թիֆլիսից դուրս է եկել ավելի շուտ, քան Հայաստանը կհռչակվեր, անկախ, այսինքն մայիսի 28-ից առաջ…