Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և անզեն գյուղացիներ էին հավաքվել Քաղաքային վարչության շենքի շուրջը, լսելու քաղաքի և գավառի հանձնման պայմաններ և քաղաքի ու գավառի ղեկավարների հետ միասին որոշելու իրենց հետագա անելիքները…

Ըստ պայմանավորվածության՝

1. Քաղաքը վայր է դնում զենքը և հանձնվում է Օսմանյան Թուրքիայի իշխանություններին.
2. Քաղաքի զինված ուժերը քաղաքից երկու օրվա ընթացքում հեռանում են (դեպի Բորժոմի…)։
3. Զինված ուժերի հետ կարող են հեռանալ քաղաքից նաև այն անձինք, ովքեր չեն ցանկանում մնալ թուրքերի տիրապետության ներքո.
4. Ովքեր չեն ուզում հեռանալ քաղաքից, մնում են տեղերում (քաղաքում և գյուղերում) և շարունակում խաղաղ կյանքը.
5. Թուրքական իշխանություններն ապահովում են հայ, վրացի, թուրք և մյուս հպատակների կյանքն ու գույքը՝ առանց ազգային խտրականության…
6. Վերանում են ազգամիջյան ատելությունն ու թշնամանքը[1]:

Թուրքական իշխանությունների կողմից Զ. Զորյանը, ինչպես և ամբողջ Քաղաքային վարչության կազմը, վերահաստատվեցին իրենց պաշտոններում։

Այս հանգամանքն ունեցավ իր խիստ բարերար ազդեցությունը՝ գավառի հայ բնակչության համար և նպաստեց, որ գաղթ տեղի չունենա:

Առաջին օրերին ոմանք, հատկապես մի շարք հարուստներ, փորձեցին վաճառել իրենց շարժական և անշարժ գույքը և հեռանալ քաղաքից։ Բայց նրանց չհաջողվեց անգամ շատ էժան գներով վաճառել իրենց տներն ու ունեցվածքը, և շատ քչերը հեռացան։

Ըստ Թիֆլիսի «Լրաբեր» թերթի, քաղաքի գաղթողները մեծ մասամբ եղել են հիմնարկությունների ծառայողները, տեղափոխվել են գիմնազիաների աշակերտները (ուսուցիչները մնացել էին)։ Քաղաքից հեռացել էին՝ միլիցիան, սպաների

  1. Տե՛ս Ե. Սիմոնյան, նշվ. աշխ., էջ 43։ Նաև Զ. Դիդմամիշվիլի, օրագիր։