Էջ:Ահա թե ինչու 4.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որդուց… Դրանք հավիտյան չեն կարող տանել թե՛ իրենց և թե՛ իրենց հարազատների տանջանքն ու անպատվությունը։

Մարդկային կարողությունն ու համբերությունը, ինչքան էլ մեծ լինի, մի սահման ունի։ Իսկ էն հարցին, թե էդ տեսակ դեպքում Ռուսաստանը դուրս կգա կռվի դաշտը թե չէ, կօգնի հայերին թե չէ, մի հարց, որի պատասխանը հենց տեղն ու տեղը ինքը պ. Ենգիբարյանն էլ տալիս է բացասաբար, առարկելով, թե Ռուսաստանը պատերազմ չի ուզում, ես դրան էսպես կպատասխանեմ։ Ռուսաստանը 1877 թվականին էլ ամեն կերպ աշխատում էր խաղաղ ճանապարհով վերջացնել բոլգարական խնդիրը, էն ժամանակ էլ պատերազմ չէր ուզում, էսպես էլ հայտարարում էր մինչև պատերազմի նախօրյակը և պատրաստ էլ չէր իսկի, բայց ստիպված եղավ պատերազմի դուրս գալու․ հետևաբար չի ուզում— ուրիշ բան է, չի գնալ— ուրիշ։

Այնուհետև պ. Ենգիբարյանը իմ դեպի Ռուսաստանը տածած հույսերի վերաբերությամբ անկեղծության ու շիտակության հարց է հարուցանամ, և ես ինձ զգում եմ ավելի ամուր դիրքի մեջ։ Նա հարցնում է, մի՞թե ես հավատում եմ, որ ռուսները եթե հարյուր տարի առաջ հայերին օգնեցին՝ էսօր էլ կօգնեն։

Ես պատասխանում եմ— այո՛, էսօր էլ մեզ ռուսները կօգնեն, ինչպես օգնեցին 100 տարի առաջ և նրանից հետո էլ շատ անգամ։

1878 թվականին էլ մեզ կօգնեին ռուսները և էսօրվա դրությունը չէր լինի, եթե չլիներ Անգլիան և եվրոպական պետությունների կոնցերտը։ Նա դուրս չէր բերում իր զորքերը տաճկական վիլայեթներից, մինչև սուլթանը չիրագործեր հայկական բարենորոգումների ծրագիրը, բայց նրան ստիպեցին, զորքը դուրս բերին, մեջտեղը մնացին դատարկ խոսքերն ու խոստումները, որոնց չկատարելու համար Տաճկաստանը ավելի ևս եռանդով կպավ հայն ու հայկական հարցը մեջտեղից վերացնելու դժոխային գործին։ Նրանից հետո էլ, 90-ական թվականների կոտորածներից հետո էլ եվրոպացի դիվանագետները ասում էին. հայկական ռեֆորմների հարցը ձգձգելը կնշանակի էդ հարցը լուծելու գործն ապագայում հանձնել Ռուսաստանին։ Նրանցից