Էջ:Ահա թե ինչու 5.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատերն էն ժամանակ էլ գտնում էին ու խոստովանում, որ միայն Ռուսաստանն էր լավ վճռում և նրան պետք է թողած լինեին վճռելու հայկական հարցը։ Ասացեք խնդրեմ, եթե եվրոպացի քաղաքագետները կարող էն էդքան հույս ունենալ Ռուսաստանի վրա՝ ի՞նչ զարմանալու բան կա կամ ի՞նչ հանցանք, որ մի հայ մարդ ու հայ գրող էլ նույնպես էդ հույսն ունենա ռուսների վրա։ Մի հայ գրող, որ գոնե եվրոպացիների չափ կարող է գիտենալ իր ժողովրդի պատմությունն ու դրությունը։

Եվ մեզ զբաղեցնող հարցի վերաբերությամբ միշտ ես ունեցել եմ մի հայացք ու մի համոզմունք, հիմնած մեր պատմության ու իրականության վրա, ու ոչ մի տեղ և ոչ մի ժամանակ էլ չեմ թաքցրել իմ կարծիքն ու իմ զգացմունքը։

Սրանով էլ պետք է բացատրել էն վրդովմունքը, որ ես ունեցա ու հրապարակով հայտնեցի, երբ Պոլսում, Թուրքիայի հողի վրա, էն հողի վրա, ուր երբեք չի ցամաքել մարդկանց արտասուքն ու արյունը և էն օրերն էլ դեռ ծովացած էր 20 հազար ադանացիների արյունը— միտինգ էին անում ու խոսում Ռուսաստանի դեմ։ Մի՞թե ես չգիտեի, թե ուրիշ նեղացող եթե չլինի, գոնե էն միտինգ անողները կնեղանան ինձանից։

Դրանից մի քանի տարի առաջ էլ, թուրք-հայկական ընդհարումների ժամանակ, երբ հարկադրված, հայի պատմական ինքնապաշտպանությանը դիմելով հանդերձ, աշխատում էի իմ հայրենիքում հաշտություն ու խաղաղություն հաստատել հայ ու թուրքի մեջ, առանց խտրելու, թե որինն է էս սարսափածն երեխան կամ էս դալկացած կինը, էն ժամանակ էլ, թե՛ ինքնապաշտպանության գործում, թե՛ խաղաղության, եղել եմ միշտ ռուսաց պետական մարդկանց հետ, հաստատ համոզված լինելով, որ էդ պետությունն է միայն մեր երկրում եղած կարգը հաստատողն ու պահպանողը, որ նրա բացակայությունը Կովկասից կվերադարձնի էն դժոխքը, որի մեջ դարերով էրվել են բոլոր ազգերն ու ցեղերը հավասար, էն դժոխքը, որ տեսել ենք անցյալում և որ տեսանք մեր օրերում, մեր աչքով ռուս պետության ժամանակավոր խառնակության ու թողության օրերում։

Տրամաբանորեն էս հայացքից ու համոզմունքից էլ առաջ