Էջ:Ահա թե ինչու 7.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հնագույն ժամանակներից նստած պաշտում է իր Մեծ Հայաստանը, իր ազգային նվիրական վայրերն ու սրբությունները ու էն հողի վրա էլ հարուցանում ու զարգացնում է հայկական հարցը։ Էս տեսակետից էլ հայկական հարցը Տաճկաստանը հուզող ամենածանր ցավերից մինն է, և հետզհետե թերևս դառնա ավելի ու ավելի ծանր, քանի թուրքն ստիպված լինի սեղմվել դեպի էս կողմերը։ Եվ ահա էս հարցից ազատվելու հնարը էսպես է վճռել թուրքի պետական հանճարը— հայերին կոտորել կամ հալածել, քշել, գաղթեցնել։ Այո՛, վայրագ ու անօրեն է էս ճանապարհը, այլև խելագար, սակայն հաստատ։ Եվ էս ճանապարհով էլ նա արդեն հասել է մեծ հետևանքի։ Թե՛ եվրոպական մեծ պետությունների հյուպատոսների ու դեսպանների, թե՛ գիտնական ճանապարհորդների, թե՛ հայոց պատրիարքարանի տված ստատիստիկական տեղեկություններով Տաճկաստանի ինը հայաբնակ վիլայեթներում հայ ժողովողի պրոցենտը տատանվում է 14—24-ի մեջ, իսկ ոչ մի վիլայեթում հայը չի կազմում ազգաբնակության 50 տոկոսը։ Էս դեռ 80-ական թվականների ստատիստիկան, իսկ նրանից հետո ի՜նչքան ժողովուրդ կոտորվեց, ի՜նչքան ժողովուրդ գլուխն առավ փախավ, գաղթեց, ի՜նչքան ժողովուրդ պակասեց…

Վանի ռուսաց հյուպատոս Մայեվսկին իր «Ванский вилает» ուսումնասիրության մեջ ասում է՝ Վանի վիլայեթից 15—20 տոկոս պակասեց հայ ժողովուրդը միայն 1895 թվի կոտորածով։ Ասում է գյուղեր ու տեղեր կան, ուր ժողովրդի կիսից ավելին ջարդվեց ու գաղթեց։

Եվ էս ջարդին ու գաղթին վերջ չկա։

Էսպեսով էլ ստեղծվել է մի դրություն, որ նշանավոր գիտնական Էլիզե Ռեկլյուին տրամադրում է լուրջ կերպով կարծիք հայտնելու, թե հայ ժողովուրդը ոչնչանալու ճանապարհի վրա է, և շատ չի քաշիլ որ, Արևելքի մի քանի անհետացած կուլտուրական ազգերի նման, նա էլ կիջնի պատմության ասպարեզից։

Մի դրություն, որ մանավանդ երբ տեսնում եք չի փոխվում, և որի վրա ձեր հիշողության մեջ երբ գալիս ավելանում են հենց միայն վերջին դարիս նախճիրները— 1822 թվի հույների կոտորածը, 1850 թվի նեստորականների կոտորածը, 1860 թվի մարոնիտների