Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


― Անկարելի բան չկա, հա՛յր. Աստուծո ձեռին ամեն ինչ հեշտ է, նա կարող է քարերից էլ մարդիկ շինել։

Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդուն ամուսնանալ, որդին միշտ այս է ասում, թե՝ հոր ու մոր ծնունդ ուզելու չէ։

Շատ որ ասում է որդին, և ասում է հավատալով և ոչ թե գիտությամբ՝ բանը դժվարացնելու համար, թագավորն էլ է հավատում, որ կարելի բան է այդ, սկսում է փնտրել որդու ուզածի նման մի աղջիկ։ Շատ է հարց ու փորձ անում, շատերն ասում են, որ լսել են, թե եղած է այդպես բան, բայց իրանց աչքովը տեսած չեն և չգիտեն, թե որտե՛ղ կարոդ են մարդիկ ծառի պես բսնել և չունենալ ո՛չ հայր և ո՛չ մայր։

Թագավորն իր որդու սիրույն համար ընկավ աշխարհքեաշխարհք և չոլեչոլ, շատ տեղ ման եկավ, շատ տեղ հարց ու փորձ արավ, ոչինչ չգտավ։ Վերադարձին մի անտառի մեջ պատահեց նրան մի ծերունի․ նրան էլ հայտնեց թագավորը, թե ինչի՛ է ման գալիս։ Ծերունին ասաց.

― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ, կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։

Թագավորն ինչպես որ լսեց, այնպես էլ արավ։ Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ ընկղմած, դուրս գալ ամաչեց, որովհետև մերկ էր։ Թագավորն ասաց.

― Սպասի՛ր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ, դու իմ հարսնացուն ես․ քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։― Այդ ասաց թագավորը և նրա անունն էլ դրավ Եղեգնուհի, որ կնշանակե եղեգն աղջիկ։

2

Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։

Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։

― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։

Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։

Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա աղջիկ։

― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։

― Այո՛,― պատասխանեց աղջիկը։

― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։

― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։ Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ իմ առաջվան գեղեցկությունը։

31