Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՕՁԱՄԱՆՈՒԿ ԵՎ ԱՐԵՎԱՀԱՏ



Ձմեռն էր։ Հասակավոր մարդիկը հավաքվել էին օդեքը[1], այնտեղ էին զրույց անում, հեքիաթ ասում և իրանց առօրյա հոգսերի վրա խոսում, խորհրդածում։ Գյուլնազ տատի թոռներն էլ, քուրսու[2] չորս կողմովը բոլորված, իրանց տատին էին հեքիաթ ասել տալիս՝ ականջ դնում։

Մի երեկո Գյուլնազ տատը մի քիչ «չեմ-չեմ» անելուց հետո սկսեց Օձամանուկի ու Արևահատի հեքիաթը, որ երեխեքը դեռ չէին լսած և, աչքները չորս արած՝ ականջ էին դնում։

Ա

— Դե լսեցե՛ք, երեխեք,— սկսեց Գյուլնազ տատը։

Շատ հին ժամանակներում, մի հեռու երկրում, Մասիս սարի մյուս երեսիցն էլ դեռ շատ դենը, մի թագավոր էր կենում։ Այդ թագավորը շատ հարուստ էր. ոսկին ու արծաթը անհամբարք, զորքն անթիվ, շատ ու շատ քաղաքների տեր. բայց զավակ չուներ, այդ պատճառով՝ իր ունեցած անթիվ գանձն ու հարստությունը աչքին չէր երևում։

  1. Օդա - սենյակ
  2. Քուրսի - թոնրի վրա դրվող մեծ ու ցածրադիր քառակուսի թախտ, որի շուրջը նստում էին, ոտքերը տակը դնում, տաքանում
5