Էջ:Աղավնիներ 03.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Եվ մենք սիրում էինք աղավնիները։

Մենք մի փոքրիկ մարմարյա արձան ունեինք։ Դա մի մերկ, սիրուն աղջիկ էր՝ աջ ուսին մի աղավնի թառած։

Այդ արձանը հայրս Ստամբոլից էր բերել։ Դրված էր իր սենյակում՝ ընկույզե փայտից շինված պատվանդանի վրա, հետևում թավշյա սև ֆոն։

Որքան որ մայրս սարսափում էր աղավնուց, բայց էլի լավ բաները նմանեցնում էր աղավնու։

Երբ մեծ եղբորս երեխա էր ծնվում, գրկում էր, սիրում, վեր-վեր թռցնում և ասում.

— Ձագո՜ւկս, աղվընիկ կլմանիս։

Իսկ երբ բաղնիսում մի սիրուն, ջահել աղջիկ էր տեսնում, ասում էր․

— Լուսինկայի պես մարմին ունի, թամա՜մ ճերմակ աղվընիկ։

Ես հրճվում էի, որ մայրս այդպես բարձր էր գնահատում աղավնիները, տխրում էի, որ աղավնիները տեսնելիս՝ սարսափով խաչակնքում էր։

Ինձ այրում էր մի տենչանք․ ուզում էի, որ ծնողներ չունենայի, լինեի որբ, բոլորովին ազատ և դառնայի աղվընիկ խաղցնող։

Հրդեհում էր ինձ այդ ցանկությունը։


4

Եվ ամեն օր բարձրանում էի կտուրը, որպեսզի դիտեմ Ակոբի աղավնիները։ Ակոբը, աղվընիկ խաղցնող Ակոբը, մեր հարևանն էր, որ մոտավորապես հարյուր թև աղավնի ուներ։

Կտուր էի բարձրանում գաղտնի, որ ոչ ոք չիմանա։ Ամոթ էր մեր ընտանիքի որևէ անդամի համար, թեկուզ ինձ նման աննշան անդամի, բարձրանալ կտուրը՝ դիտելու աղվընիկ խաղցնող Ակոբի աղավնիները։ Ամոթ էր հրճվել աղավնիների թռիչքով։ Բայց ես անդիմադրելի մղումով բարձրանում էի և դիտում։

Նրանք գլխկոնծի էին տալիս մաքուր, ջինջ, կապույտ օդում։ Հրճվում էի խելագարի նման։ Երբեմն պահվում էի