Էջ:Աղավնիներ 08.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանցանքը փաթաթում իրենց սպիտակ և անմեղ վզերին։ Մեկը հմայվում էր մյուսից, իջնում նրա տաքուկ բույնը, գիշերն ամբողջ քչքչում, կտուցը կտցին զարկում, հարբում սիրուց և առավոտյան, արևի շողերի տակ, շարունակում սիրո անմեղ խաղը։


6

Մեր հարևան աղվընիկ խաղցնող Ակոբը արհեստով սափրիչ էր։

Նա այդ արհեստին օրվա քիչ ժամանակն էր նվիրում, որովհետև գրեթե միշտ կտուրի վրա էր, աղավնիներ էր թռցնում, ետ կանչում, նորեն բաց թողնում, հետևում յուրաքանչյուր աղավնու թռիչքին, հետևում սրտատրոփ, անձկագին։

Ակոբը թեև լավ ածիլող, մաքրասեր սափրիչ էր, բայց սակավաթիվ հաճախորդներ ուներ, որովհետև հաճախորդ վաստակելու ջանք չէր թափում։

Մենք, մանուկներս, գնում էինք նրա կրպակը։ Ակոբը գործի վրա է— սապնել է հաճախորդի երեսը, սպիտակ փրփուրով լցրել, միայն քիթն ու աչքերն են ազատ։ Ակոբը հենց փորձում էր ածելին սրել կաշվի վրա, որպեսզի սափրի, մենք սկսում էինք խոսել քաղաքում անուն հանած մի որևէ աղավնու մասին։

— Կըսեն քի Պեյրոսի չիլը երկու ձագ հաներ է,— ասում է մեզանից մեկը և գաղտագողի ժպտում։

Մենք միայն իրար հետ էինք խոսում և, իբր թե, սպասում ենք մազներս խուզելու, բայց Ակոբը չի դիմանում, թողնում է հաճախորդին և մոտենում մեզ։

— Ուրկե՞ լսեցիք, վո՞վ ըսավ,— հարցնում է անձկագին։

— Մինասն ըսավ։

— Չէ՜, ջանը՜մ․․․

— Հա՛, իրավ է, երկու ձագ։

— Մինասը սուտ կխոսա…

Հաճախորդը գոռում է, երեսի օճառի փրփուրները հետզհետե սմքվում են։ Քթի տակը, օճառի պղպջակների պայթելուց, քորվում է։