Էջ:Աղավնիներ 17.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



— Եթե ես էս կապը չի կըյրեցի, ալեմը թող վրաս… նի։

Մայրը հանգստացավ։ Թող այդ կապը մի կերպ կտրվի, ինչ ուզում է լինի։


10

Ակոբը ոչ մի լուր չուներ Լիլոյի և Արայի հարաբերությունների մասին։ Նրա հետ շատ քչերն էին խոսում և կապ պահում։ Իսկ Ակոբն էլ միայն զբաղված էր աղավնիներով։ Նա բարեկամ էր միայն աղավնիներին և մանուկներին։ Բայց կինը գիտեր Լիլոյի սիրո մասին և պարտականություն համարեց ասել ամուսնուն, չթաքցնել նրանից, վերջապես հայրն էր, իրավունք ուներ իմանալու։

— Լիլոյիս բախտը վարդի պես բացվավ, աստված էրեսը նայեցավ,— վերջացրեց մայրն իր պատմությունը։

— Աղջի՛, սուտ կխոսաս, հա՜,— հարեց Ակոբն ուրախությունից։

— Լիլոյիս թաղեմ,— երդվեց մայրը։

— Փա՜ռք քըզի, աստվա՜ծ, ճերմակ աղվընկաս պահապան եղիր,— վերջացրեց Ակոբը։

Ծնողները որոշեցին այնպես ցույց տալ Լիլոյին, որ հայրը ոչինչ չգիտե այդ մասին։ Լիլոն ամաչում էր հորից, բայց մորը պատմում էր Արայի բոլոր ասածները, բոլոր խոստումները։

— Մայրի՛կ, Արան կըսե քի՝ աշխարհը մեկ կողմ, դուն մեկ կողմ,— ասում էր Լիլոն։

Իսկ մայրը լաց էր լինում ուրախությունից և պատասխանում․

— Երկար ու կանաչ արև ըլլի:

Եվ մայրը կես֊գիշերին զարթնեցնում էր աղջկան.

— Լիլո՛, աղջի՛, ելի՛ր, տղան բաղչան է։

Լիլոն վեր էր թռչում և վազում պարտեզ քնաթաթախ աչքերով, իսկ մայրը սրտատրոփ սպասում էր պարտեզի դռան հետև, մինչև աղջիկը վերադառնար, պառկեցներ անկողնում, ծածկեր վրան, համբուրեր և մի աղոթք մրմնջելուց հետո գնար և մտներ Ակոբի ծոցը։