Էջ:Աղավնիներ 18.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Մի գիշեր Արան մի մատանի դրեց Լիլոյի մատը։ Լիլոն համբուրեց մատանին և շշնջաց.

— Ստամբոլ երթանք, դնիմ մատս։

— Ինչո՞ւ հիմա չես դներ,— հարցրեց Արան։

— Հայրս կտեսնա, աղեկ չէ,— պատասխանեց Լիլոն։

Մատանիի նվերից հետո Լիլոն երեք օր նստեց տանը, սեխի կուտ փռճեց, հետո աղով բովեց և սպիտակ տոպրակի մեջ լցրաձ՝ տարավ գիշերը բաղչան, տվեց Արային.

— Ուրիշ բան չունիմ.— շշնջաց Լիլոն ամաչկոտ։

Արան համբուրեց նրան և միասին կերան ու խոսեցին։

Մի օր էլ Լիլոն մորը խնդրեց, որ մի աղավնի մորթի, կարմրեցնի, որպեսզի, երբ Արան գա, նրան հյուրասիրի.

— Հայրդ իմանա, մեզի կկախե,— պատասխանեց մայրը, բայց և մտքում որոշեց ասել Ակոբին, թերևս զիջի և կատարված լինի Լիլոյի ցանկությունը։

Ակոբն անմիջապես ընդառաջ գնաց.

— Իմ բյուդուն աղվընիկներս Լիլոյիս ղուրբան կենիմ։

Լիլոն կարմրած աղավնին փաթաթեց սպիտակ լավաշի մեջ, մայրը տվեց նրան իր սնդուկի մի անկյունում հնուց պահված մի մետաքսյա թաշկինակ։ Լիլոն ծրարեց աղավնին ու լավաշն այդ թաշկինակի մեջ, և երբ Արան եկավ պարտեզ, բաց արավ և հյուրասիրեց նրան աղավնու թանկագին մսով։


11

Այսպես Լիլոն ապրում էր իր կյանքի երջանիկ օրերը։ Նրա հետ միասին և նրա ծնողները, տեսնելով իրենց աղջկա բախտավորությունը։

Երջանկության այդ օրերին Լիլոյին տանջում էր մի բան. բոլորը, բոլորը հորն անպատվելու համար հայհոյում էին իրեն, հայհոյում էին ամենալկտի կերպով։

Երբ աղվընիկ խաղցնողն ամուրի էր, իրեն էին հայհոյում, երբ կին ուներ, կնոջն էին հայհոյում, իսկ երբ աղջիկ ուներ՝ աղջկան։

Երբ Լիլոն դեռևս փոքրիկ մանուկ էր, հայհոյողները կնոջն էին հայհոյում.