Էջ:Աղավնիներ 25.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չառաջարկեց նրան, և այլևս սուտ չիմանալու ժամանակն անցել էր, բերանը բաց արավ.

— Իմ աղջիկս բոզ չէ, որ ամչնամ, դուն քու ճերմակ մազերեդ ամչցիր։

— Դուն իմ այերի (դիրքի) մարդ չես, որ հետդ խնամություն էնիմ, էս մեկը հասկցիր։

— Շիտակ ես, Հաջի աղա, դու ինձմե շատ ցած ես,— պատասխանեց Ակոբը և դառն ծիծաղեց։

— Ամո՛թ է, վերջ տուր էս խայտառակությանը,— հայտարարեց Հաջի Թումասը՝ ցանկանալով կարճ կապել։

Բայց Ակոբը չլռեց։

— Մեծ տղադ Սամսոնեն բոզ բերեց, որու՞ կկլլեցնես, բոլոր արաբաջիները[1] գիտեն, բերանս բանալ մի՛ տար, փա՜ռք աստծո, աղջիկս սուրբ է, անոր վյուջուդը[2] էրիկ մարդ դահա չի տեսեր։

Մեր քաղաքից Սամսոն երթևեկող արաբաջիներն էին հայտնել այդ լուրը Ակոբին, որ Հաջի Թումաս աղայի որդու կինը Սամսոնի հանրատնից էր վերցրած։

— Է՜հ, էնքան մոտը գնացեր են՜ք…— հայտարարել էին կառապանները։

Հաջի Թումասը տեղեկություն ուներ այդ մասին, բայց քանի որ քաղաքում չէին բամբասում, լռել էր և հաշտվել իրողության հետ։ Քաղքենու համար ամեն կեղտ տանելի է, եթե այդ կեղտի մասին ոչ ոք ոչինչ չի իմանում։

Հաջի Թումասը զգաց, որ աստծո կրակը կարող է թափվել ամբողջ տան վրա, Ակոբի բերանը ոչ ոք չէր կարող փակել, ուստի նրան փող առաջարկեց, որ լռի։

— Ես քեզմե հարուստ եմ, փարադ քըզի պահե, բերանս որ չեմ բանար, Արայի ազիզ խաթեր համար է, — պատասխանեց Ակոբը և դուրս ելավ։

Ակոբը հանգիստ էր, որ ոչ մի խոսք չխնայեց ամբարտավան Հաջի Թումասին։

Լիլոյի մայրը սրտատրոփ սպասում էր Ակոբին։ Ակոբը խրճիթ մտավ տխուր։

— Ի՞նչ ըսավ։

  1. կառապան
  2. մարմին