Էջ:Աղավնիներ 26.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



— Հին դավուլը չալեց, կըսե քի դուն իմ այերես չես։

— Դուն ի՞նչ ըսիր։

— Քթին֊բերնին տվի,— պատասխանեց Ակոբը և սկսեց սիգարեթը փաթաթել՝ մի երգ մրմնջալով քթի տակ։

— Թարս չխոսայիր,— վախենալով հարեց կինը։

Ակոբը մի սուր նայվածք գամեց կնոջ վրա և լռեց։ Այդ նայվածքից դողահար՝ կինը քաշվեց խոհանոց և գոգնոցի ծայրով սրբեց թաց աչքերը։

Հաջի Թումաս աղան չդադարեց պայքարելուց մի անմեղ աղջկա դեմ, չէր էլ կարող դադարեցնել, որովհետև ամբողջ քաղաքը խոսակցության մի նյութ ուներ. Թումաս աղայի տղան և աղվընիկ խաղցնող Ակոբի աղջիկը։

Մի օր էլ Հաջի Թումասն իր որդուն կանչեց մոտը, երկար֊բարակ պատմություն ըրավ ու առակներ պատմեց և ի վերջ առաջարկեց նրան իսկույն ևեթ մեկնել Ստամբոլ։

— Շատ փարա կուտամ, գնա Ստամբոլ, էնտեղ կարգվիր, երեսս մի՛ տեսնար,— հայտարարեց հայրը։

Որդին ընդդիմացավ։

— Հո՛ս պիտի կարգվիմ։

Հաջի Թումաս աղան զայրացավ, լցվել էր համբերության բաժակը, ոչ մի խրատ, ոչ մի աղաչանք չօգնեց, պետք է դիմեր ծայրահեղ միջոցի։

— Դուն իմ տղաս չես, դուն իմ ժառանգը չես,— հայտարարեց անողոք հայրը։

— Մեկ փարայի կարոտ չեմ,— պատասխանեց որդին և դուրս եկավ տնից։

Այդ օրվանից Արան այլևս տուն չվերադարձավ։


14

Քաղաքում այս դեպքից հետո բամբասանքն ավելի և ավելի բոցավառվեց, հայհոյանքներն սկսեցին տեղատարափի նման թափվել Լիլոյի հասցեին։ Հաջի Թումասի սեղանից փշրանքներ կորզողները բարձրաձայն հայհոյում էին Ակոբի աղջկան, հայհոյում էին կտուրներից, փողոցից, անկյուններից, լուսամուտներից։ Լիլոն վեց ամիս էր, ինչ չէր կարողանում բաղնիս գնալ, բոլորն աչքները հառում էին նրա վրա և մինչև բաղնիս հասնելը բազմաթիվ անգամ լսում էր․