Էջ:Աղավնիներ 33.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկը խեղդում էր նրան։ Երբ ծառան դուռը բաց արավ, Հաջի Թումաս աղան ընկավ ներս և փռվեց գետնին։ Կինը վազեց, հարսները հավաքվեցին, վերցրին և փոխադրեցին սենյակ։

— Ի՞նչ ռաստ եկավ,— հարցրեց կինը, երբ Հաջի Թումաս աղան կարողացավ աչքերը բանալ։

— Արան դեմս ելավ, աղջի՛կ, խաֆաս դարձավ։

— Սիրտ չունիս, ա՛յ մարդ,— պատասխանեց մայրը և խփեց ծնկներին։

— Գնացեք, գնացեք, գերեզման փորեցեք, էրթամ պառկիմ, ռահաթ ըլլիմ։


16

Ամբողջ քաղաքում միայն երկու բժիշկ կար, մեկը հայ էր, մյուսը առնավուտ (ալբանացի)։

Արան վազեց «առնավուտ հեքիմի» մոտ։ Մինչև նա վերադարձավ Լիլոյի մոտ բժշկի հետ միասին, այնտեղ գտավ հայ բժշկին, որին Ակոբն էր բերել։

— Հեքիմ էֆենդի, էս աղվընիկս աղեկցուր, բյութուն աղվընիկներս ծախիմ, փարան քըզի տամ,— աղաչում էր Լիլոյի հայրը։

Երկու բժիշկներն էլ համաձայնեցին (նրանք իրար հետ ֆրանսերեն էին խոսում), որ Լիլոյի դրությունն անհույս է, ոչ դեղ հարկավոր է և ոչ էլ որևէ փորձ կատարել։ Նրանք պատվիրեցին հանգիստ թողնել հիվանդին, որ իրեն֊իրեն լավանա։

— Հեքիմ էֆենդի, իլաճ չե՞ս տար,— հարցրեց թշվառ հայրը։

— Չէ, հարկավոր չէ, միսի ջուր տվեք։

— Աղվընիկ էփիմ, ջուրը խմցնիմ, կըլլի՞։

— Ավելի աղեկ։

Բժիշկները հեռացան, Լիլոն նայեց ծնողներին, Արային և, տեսնելով նրանց թախիծը, մխիթարելու համար շշնջաց․

— Կաղեկնամ, հե՛չ մի վախնաք։

Եվ նրա աչքերը ժպտացին մարվող շողի վերջին ցոլքի նման։