Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի՞նչ է սէրը։ Ի՞նչ է ստեղծագործութիւնը։ Ի՞նչ է կարօտը։ Ի՞նչ է աստղը—հարցնում է վերջին մարդը և աչքերը սեղմում։

Երկիրը կփոքրանայ և դրա վրայ կոստոստի վերջին մարդը, որ ամեն ինչ կմանրացնի։ Նրա ցեղը անջնջելի է, ինչպէս երկրի լուն։ Վերջին մարդը ամենից երկար է ապրում։

«Մենք գտել ենք երջանկութիւնը»—ասում են վերջին մարդիկ և աչքերը սեղմում։

Նրանք թողել են այն երկիրները, որ ապրելու համար կսշտ էր ու բռի, որովհետև մարդ ջերմութեան կարիք է զգում, մարդ սիրում է դեռ իր հարևանին և քսւում նրան, որովհետև մարդ ջերմութեան կարիք է զգում։

Հիւանդանալն ու անվստահութիւն տածելը մեղք են համարում նրանք. զգուշաւոր և ուշիմ քայլերով են անցնում նրանք. յիմա՜ր պէտք է լինել քարերի և մարդկանց վրայից սայթաքելու համար։

Մերթ ընդ մերթ մի քիչ թոյն—հաճելի երազներ է տեսնում մարդ։ Եւ վերջում շատ թոյն—հաճելի մահւան համար։

Մարդիկ դեռ աշխատում են, որովհետև աշխատանքը լաւ ժամանց է։ Բայց և հոգ են տանում, որ աշխատանքը չյոգնեցնի։

Մարդ ոչ աղքատանում է, ո՛չ էլ հարստանում. երկուսն էլ աւելորդ գլխացաւանք են։ Ո՞վ է կամենում դեռ կառավարել։ Ո՞վ է ուզում հպտատկւել։ Երկուսն էլ—դատա՛րկ մտահոգութիւն։

Ո՛չ մի հովիւ և մի հօտ։ Իւրաքանչիւրը նոյնն Է կամենում, իւրաքանչիւրը հաւասար է. ո՛վ այլ բան է կամենում՝ կամաւոր կերպով գժատուն է գնում։